Վիվառոն ընտրությունների վրա «ստավկաներ» անելու նյութը չի հեռացրել, այլ վերահրապարակել է

>

Օրերս «Վիվառո» ընկերությունը հրապարակեց մի նյութ՝ «Վիվառոն խաղադրույքներ է ընդունում ԱԺ ընտրությունների վրա» վերտառությամբ։ Թեման սոցիալական ցանցերում քննարկման առիթ դարձավ, քանի որ նախընտրական խաղադրույքներ Հայաստանում կատարվում էին առաջին անգամ։ Քննարկումներից հետո ընկերության պաշտոնական կայքում ջնջվեց վերոնշյալ նյութը՝ բազմաթիվ խոսակցությունների առիթ տալով։

Պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք «Վիվառո» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արմեն Սուքիասյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ նյութը նորից է հրապարակվել և հիմա «Վիվառոն» շարունակում է ԱԺ ընտրություններին ընդառաջ խաղադրույքներ վերցնել։ «Տեխնիկական խնդիր է եղել, մենք նորից ենք հրապարակել։ Կա նյութը, խաղադրույքներն ընդունվում են։ Կայքում կատարվում են փոփոխություններ, ավելանալու են մի քանի նոր բաժիններ, կատարվում են տեխնիկական մեծ աշխատանքներ։ Իսկ էս հոդվածի հետ կապված խնդիրը նրանում էր, որ հոդվածը սկզբում ժամանց բաժնում էր, հետո տեղափոխվեց բացառիկ լեյբլով ընդհանուր բաժին,գուցե հղման հետ կապված խնդիրը դրանից էր»։

Նշենք, որ ընկերությունը ընդունում է խաղադրույքներ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և կարծում է, որ ձայների անհրաժեշտ քանակ կստանան և Ազգային ժողովում կհայտնվեն 4 կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ, որի համար սահմանված է 1,008 գործակից, ինչպես նաև քիչ հավանական են համարում, որ օրենսդիր նոր մարմինը կձևավորեն 6-ից ավելի կուսակցություններ կամ դաշինքներ: Այս իրադարձության համար սահմանվել է 100 գործակից:

Ընտրության մասնակիցների թիվը կգերազանցի 1,4 միլիոնը, այս առնչությամբ բուքմեյքերական գրասենյակը սահմանել է 2,4 գործակից։

Հատուկ խաղադրույք է սահմանված նաև անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակի վերաբերյալ: «Վիվառոյում» հակված են այն կարծիքին, որ անվավեր քվեաթերթիկների թիվը կգերազանցի 52,500-ը (1,75 գործակից):

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X