Կառավարությունն անպատվեց Հայաստանի քաղաքացու պահանջները. ի հիշատակ Հաց բերողի ցույցը շարունակվում է (ֆոտոշարք, տեսանյութ)

>

Ազատության հրապարակում նստացույց իրականացնող ընդդիմադիր երիտասարդներն այսօր կրկին երթ իրականացրին Ազատության հրապարակից՝ ի հիշատակ «Սասնա ծռեր» զինյալ խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի: Ի տարբերություն նախորդ օրերի, այսօրվա երթի մասնակիցների թիվը չէր գերազանցի երկու հարյուրը, նրանք «Հաց բերողին սպանել են», «Սերժիկ մարդասպան», «Արթուր» վանկարկումներով Մաշտեցի պողոտայով իրազեկման երթ անցկացրին դեպի կառավարություն:

Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում ցուցարարները նստացույց իրականացրին՝ մի քանի րոպե անց ոստիկանությունը ուժ կիրառեց ցույցի մասնակիցների նկատմամբ՝ հրելով եւ տեաղափոխելով ցուցարարներին։ Այնուհետեւ բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի կառավարության շենք, որտեղ օրեր առաջ պահանջագիր էին ներկայացրել, որ Արթուր Սարգսյանը հուղարկավորվի Եռաբլուրում: Վարչապետի օգնականը երիտասարդներին հայտնել էր, որ հաջորդ օրը կարող են գալ եւ ստանալ դիմումի պատասխանը, սակայն միչ օրս կառավարությունը որեւէ պատասխան չի տվել:

Կառավարության դիմաց քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ եկել են կառավարություն ոչ թե դիմելու, այլ հորդորելու այն մարդկանց՝ միանալու այդ ցույցերին:

«Հինգ օրվա ընթացքում դիմել ենք քայլերի՝ երթերով, փակելով փողոցներ, սրանով փաստելով, որ մենք տրամադրված են վճռական: Կապ չունի երկու հազար, երկու հարյուր հոգի, մենք փակում ենք փողոցը, նույն վճռականությամբ երթ ենք իրականացնում: Ես ակնկալում էի ավելի շատ մարդու մասնակցություն, բայց հաշվի առնելով շատ հանգամանքներ, օրինակ մի հանգամանք, որ մենք պահանջում էինք, որ Արթուրը հուղարկավորվի Եռաբլուրում, մեզ թիկունքից հարված են հասցնում, մինչեւ վերջին պահը ասում էին՝ հա, մենք համաձայն ենք, վերջին պահին ասում են՝ ոչ: Մենք ժամանակ ենք տալիս կառավարությանը եւ անում քայլեր, բայց կառավարությունը չի բարեհաճում մեզ պատասխան տալ: Այս կառավարությունը անպատվեց Հայաստանի քաղաքացու պահանջները»:

Շահենը հայտարարեց նաեւ, որ վաղը Մարզահամերգային համալիրից երթով շարժվելու են սգո սրահ, որտեղ տեղի է ունենալու Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը:

Այնուհետեւ ցույցի մասնակիցները երթով շարժվեցին Ազատության հրապարակ, որտեղ շարունակեցին իրենց նստացույցը:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X