Արդար եղանք ընտրությունների ժամանակ՝ կունենանք արդար երկիր. «Ելքը» Հրազդանում էր (տեսանյութ)

>

ԵԼՔ դաշինքը այսօր նախընտրական քարոզարշավն էր անցկացնում Հրազդան քաղաքում, որի շրջանակներում ելույթով հանդես եկան պատգամավորության թեկնածուներ՝ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը եւ Սասուն Միքայելյանը:

Իր ելույթում Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ ԵԼՔ-ը հաղթելու է:

««Ելք» դաշինքն ունի այն պոտենցյալը, որը բավարար է ՀՀ-ում ստանձնելու իշխանություն: ««Ելք» դաշինքի նպատակը Հայատանում փոփոխություն բերելն է: Մենք 30 քայլերից բաղկացած ծրագիր ունենք եւ այնպես ենք իրականացնում քարոզարշավը, որ վաղը ոչ , մեկ չասի ես չգիտեի: Դուք ինքներդ եք որոշում, թե ինչ եք ուզում անել, ինչպիսի Հայատանում եք ցանկանում ապրել»,- ասաց Մարուքյանը:

«Մենք եկել ենք, ձեզ ասել ենք եւ հիմա էլ ասում ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հույս ենք դնում ձեզ վրա եւ դուք՝ որպես ժողովուրդ, որպես հանրություն կարող եք հույս դնել մեզ վրա՝ Հայաստանը Սերժ Սարգսյանի ձեւավորած, Սերժ Սարգսյանի փորած հուսահատության փոսից հանելու գործում»,- հավաքվածներին կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանը:

Բացատրելով իր այդ միտքը՝ Փաշինյանն ընդգծեց, որ «Ելքը» պատրաստ է ստանձնել պետական իշխանությունը Հայաստանում եւ դրա համար անհրաժեշտ է ժողովրդի վստահության քվեն: Նա վստահեցրեց, որ «Ելք» դաշինքը ունի թե՛ մարդկային, թե՛ ինտելեկտուալ, թե՛ ծրագրային ներուժ՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարումը ստանձնելու եւ այդ պետական կառավարումը բարեհաջող իրականացնելու համար այնպես, որ Հայաստանը դուրս գա ճահճից:

«Հայաստանի Հանրապետությունը պետք է լիներ բոլոր հայերի հայրենիք, բայց Սերժ Սարգսյանը Հայաստանը դարձրել է աղքատության, կոռուպցիայի հայրենիք, արտագաղթի հայրենիք, հուսահատության հայրենիք: Մենք ասում ենք, որ պետք է սկսվի հայրենադարձություն դեպի Հայաստան: Ի՞նչ կոնկրետ ծրագիր ունենք դրա համար. ամենակարեւորը Հայաստանը հայության հայրենիք դարձնելն է: Այս տարիների ընթացքում սփյուռքը ավելի ու ավելի քիչ է Հայաստանը հայրենիք համարում»,- հայտարարեց Փաշինյանը եւ որպես ասվածի վկայություն հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ իրականացված հանգանակության ժամանակ Սփյուռքը 5 միլիարդ դրամ նվիրատվության չնչին մասն է ապահովել: Իսկ դրա պատճառն, ըստ նրա, հետեւյալն է. մարդիկ առաջնորդվում են այն կանխավարկածով, որ ինչ էլ ուղարկեն՝ ՀՀ իշխանությունները մսխելու են:

«Մենք ասում ենք, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու, կախաղաններ չեն լինելու, քաղաքական հետապնդումներ չեն լինելու, բայց մյուս կողմից հայ ժողովուրդը պետք է իմանա, որտեղի՞ց Հովիկ Աբրահամյանի միլիոնները եւ միլիարդները, որտեղի՞ց Գագիկ Խաչատրյանի միլիոնները եւ միլիարդները, որտեղի՞ց Ռոբերտ Քոչարյանի միլիոնները եւ միլիարդները, Սաշիկ Սարգսյանը ո՞ւմ է հետ է 50 տոկոս փայ մտել եւ որտեղ, որտեղից Գագիկ Բեգլարյանի միլիոնները, եւ բոլոր այն պաշտոնյաների միլիոնները, որոնք աղքատ երկրում դարձել են միլիոնատեր եւ միլիրադատեր: Մենք պետք է ստանանք այդ հարցի պատասխանը, եւ «Ելք» դաշինքը նաեւ սրա համար է քվե ուզում ձեզանից, սիրելի ժողովուրդ»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը:

Ելույթի վերջում Փաշինյանը հնչեցրեց իր կոչը. «Ինքս բազմաթիվ հետապնդումների եմ ենթարկվել, դատարանն ինձ երկու անգամ հանցագործ է ճանաչել եւ ես ասում եմ՝ այս ընտրություններում դուք նույնպես պետք է դատեք մեզ եւ դուք պետք է որոշեք՝ արդա՞ր եք դատում, թե՞ ոչ: ՀՀ ժողովուրդը ինչ դատով դատի, այն դատով էլ դատվելու է, արդար եղանք ընտրությունների ժամանակ՝ կունենանք արդար երկիր, անարդար եղանք ՝ կունենանք այնպիսի երկիր, որտեղ հուսահատության փոսը խորանում է: Մենք ասում ենք, սիրելի ժողովուրդ, գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, ապրիլի 2-ին գնացեք տեղամաս եւ քվեարկեք միավորված ընդդիմության օգտին, այսինքն «Ելք» դաշինքի օգտին: Եվ չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետեւ ելք կա»:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X