Հաթաթան չի օգնի

Մինչ հանրապետության ոստիկանապետը խորհրդակցություններ է անում տարբեր մարզերում եւ Երեւանում, «հաթաթաներ» տալիս ոստիկաններին, թե՝ նախընտրական փուլում պետք է ամեն ինչ անեք, որ օրենքն ու օրինականությունը պահպանվեն, մինչ հանրապետության նախագահն այցելում է մարզեր ու ՀՀԿ-ական ակտիվին է «հաթաթաներ» տալիս, թե՝ չլնեմ-չիմանամ իրար հետ կռվեք, օրենք խախտեք, միջազգային զեկույցներում հայտնվեք, երկրում իրավիճակը թեժանում է ժամ առ ժամ։ Կրքերն ավելի են բորբոքվում, ծեծվածներն ու վիրավորները՝ շատանում։ Ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց թեկնածուների միջեւ հակամարտությունները սրվում են, ատելությունը՝ աճում։ Երեւանի Աջափնյակ, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն թաղերում թեժ «մարտերը» ոչնչով չեն զիջում մարզային բնույթի «ճակատամարտերին»՝ Արարատում, Արմավիրում։ Երեկ էլ լուր տարածվեց, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետին են դանակահարել, ում տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել են, ծանր վիճակում է։ Մի մարզից լուր ենք ստանում, որ կրիմինալին են ազատել բանտից, որպեսզի ակտիվորեն «մասնակցի» ընտրություններին։ Մի քաղաքական ուժից լուր ենք ստանում, որ արդեն ետընտրական պրոցեսներ է ծրագրում՝ փողոցային պայքար, անկախ իր ստացած քվեների քանակից։ Այսինչ թեկնածուն թաղի խուժանին է «աշխատանքի» ընդունել իր շտաբներում եւ մարդկանց ահուսարսափի մեջ է գցել։ Այնինչ կուսակցությունը պատրաստվում է ընտրություններից 2 օր առաջ համատարած փող բաժանել։ Երրորդն ընտրությունից մի քանի օր առաջ բնակչության «տեղաշարժեր» է ծրագրում՝ մի ընտրատարածքից մյուսը։ Այս բոլորի կանխումն իշխանության պարտականությունն է՝ ոչ մի դիտորդ ու լրագրող, հասարակական ու քաղաքական գործիչ նման խախտումներ կանխելու լծակներ չունի։

Մեկնաբանություն
X