Մեռած վրեժի իշխանությունը

Երբ շատերը գրում են արժանավոր մարդկանց կյանքի եւ արարքների մասին, պիտի լինեն նաեւ այնպիսիները, ովքեր հանուն այդ արժանավոր մարդու պահպանեն կենարար լռությունը՝ փորձելով դրա մեջ ամփոփել եւ փոխանցել այն ամենը՝ զգացմունքները, հույզերը, խոհերն ու գիտակցության հայտնությունները, որ տածում են նրա հանդեպ:

Հաց բերող Արթուր Սարգսյանի մասին ինչ էլ գրենք, միեւնույն է՝ ոչ միայն քիչ է լինելու, այլեւ գրվածը դժվարահաճորեն է մոտենալու այն իրականությանը, որի մեջ ապրում ենք:
Խոսքի ու գործի միջեւ միշտ էլ բացվածք կա, շատ ժամանակ անհաղթահարելի անդունդ, որ փլուզում է, կործանում անգամ ամենաամուր կամուրջը, որն ըստ էության կոչված էր միավորելու բեւեռները:

Արթուրը գործողությունն էր՝ գործը, այն արարքը, այն միակ ճանապարհը, որ ունակ է հողին հավասարեցնել իշխանության ամենադաժան կառույցը: Նա ոչ թե խոսքի, այլ գործի բեւեռից էր:

Այս օրերին ազատությանը, կյանքին ու արժանապատվությանը միտված յուրաքանչյուր գործ, իսկական, անվերապահ գործ չլսված, գրեթե անհավանական իսկություն է: Մի գործ, որ վեր է մարմնից ու հոգուց, քանի որ այդ գործի արդյունքը մյուսն է, դիմացը կանգնած մարդը՝ անծանոթը, դրանով իսկ՝ քույրը, եղբայրը, հարազատը, բարեկամը, ընկերը եւ, ուրեմն՝ բնությունը, աշխարհը, քաղաքակրթությունը:

Իշխանությունն Արթուրին երբեք չի կարող հասկանալ, քանի որ Հաց բերողը հենց իրեն՝ իշխանությանը, հաց է բերել, այնպես, ինչպես հաց են բերում տառապյալին, սովյալին, հալածականին, անօգնականին, կարոտյալին, հոգով ընչազուրկին:

Հաց բերելը վերցնելու, կրելու, տանելու վարքամատյանն էր, որ ողորկվեց, էջ առ էջ կարվեց ու գրվեց ծաղկողի մարմնով:

Եվ ինչպե՞ս կարող է մեռած վրեժի այս իշխանությունը հասկանալ Արթուր Սարգսյանին, ով հաց է բերել հենց իրենց, որպեսզի զանցավորություն եւ ավեր անելուց ակնթարթ առաջ ճաշակեն վերջին հանապազօրյա բարիքը, որից ծնվել են, որը շունչ ու կյանք է պարգեւել անխտիր բոլորին:

Երբ սեփական տկարությունից ու ժահից ամաչելու գնով փորձում ես վրեժխնդիր լինել ձեռք մեկնողից՝ չգիտակցելով, որ մարմինը, հենց մարմինը երբեք չի մեռնում, նմանապես սեփական տկարությունը եւ ժահն սպանությամբ ու ինքնասպանությամբ չեն նվաճվում:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X