Քաղաքականություն

Ձեզ հիասթափություն է սպասվում

Մեր իշխանությունը հայտնվել է սուտասանի կարգավիճակում, որի տունը հրո ճարակ է դառնում, բայց նրա օգնության կանչերին ոչ ոք չի արձագանքում։ Եվ հիմա որքան էլ մաքուր ընտրություններ կազմակերպվեն, միեւնույն է՝ ոչ ոք չի հավատալու, որ չեն կեղծել։ Բայց միաժամանակ ժողովուրդը չափման իր «կշեռքներն» ունի եւ այնքան իմաստնություն, որ ողնաշարով զգում է՝ որքան է կեղծիքի չափը, ազդե՞լ են արդյոք կեղծիքներն ընտրությունների արդյունքների վրա՝ ում օգտին։ Հենց դա էր պատճառը, որ ժամանակին մարդիկ անվարան փողոց ելան Վազգեն Մանուկյանի, Կարեն Դեմիրճյանի, ապա Ստեփան Դեմիրճյանի, ավելի ուշ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի համար։ Մարդիկ պարզապես զգացին, որ իշխանությունը «մունդառություն» է արել, եւ ընտրությունների արդյունքները հեռու են ճշմարտությունից ու իրական պատկերից։ Իսկ մեր ժողովուրդն արդարության զարմանալի զգացում ունի, անարդարացիորեն տուժածներին, հանիրավի պատժվածներին պաշտպանելու հզոր գիտակցում։ Փողոց դուրս գալու միակ խթանն այս անգամ էլ կլինի բացառապես ընտրությունների արդյունքների էական կեղծումը՝ չհաղթածներին անարժան հաղթանակ շնորհելը։ Այնպես որ՝ մեծ հիասթափություն է սպասվում մեր իշխանությանը, եթե նա հույս ունի, որ այս անգամ եւս ընտրությունները կկեղծի, եւ մարդիկ չեն ընդվզի։ Ինչպես նաեւ այն ընդդիմությանը, որը կարծում է, որ ընտրությունները չեն կեղծվի, բայց մարդիկ իներցիայով փողոց դուրս կգան։ Պարզ ասած՝ փողոց դուրս գալու եւ հետընտրական զարգացումների միակ եւ անխախտ պատճառը կարող են լինել կեղծիքները։ Խելացի իշխանությունը ձեռնպահ կմնա կեղծումից, խելացի ընդդիմությունը ձեռնպահ կմնա իրավիճակն անհիմն շիկացնելուց եւ հույսը չի դնի ընտրակեղծիքների մասին մարդկանց նախկին հիշողության վրա։

Մեկնաբանություն
X