«Տոլստոյը՝ կյանքում» ցուցահանդեսը

Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում մարտի 17-ին բացվել է «Տոլստոյը՝ կյանքում» յուրօրինակ ցուցահանդեսը, ուր լուսանկարներով, գրողի ստեղծագործություններից՝ հիմնականում նամակներից եւ օրագրերից դուրս գրված մեջբերումներով, ձեռագրերից նմուշներով ներկայացված են Կոմս Լեւ Տոլստոյի կյանքի եւ գործունեության բոլոր փուլերը՝ երիտասարդությունից սկսած մինչեւ խոր ծերություն: Հովհաննես Թումանյանի համար անչափ կարեւոր հեղինակ, ապա դարի մեծագույն, հետաքրքրական մտածող լինելով՝ Լեւ Տոլստոյի ողջ արվեստը, նրա գաղափարներն ու մտորումները լրջագույն ներազդեցություն են թողել հայ մշակույթի, գրականության վրա:

«Կյանքի առաջին շրջանում Գրաֆը զինվոր էր, խաղամոլ, սկսնակ գրող, եւ նրան դուր էին գալիս գրողական փառքը, բոլոր տեսակի դափնիները: Կյանքի առաջին շրջանում նա մեղսագործ էր, իսկ երկրորդում՝ ամբաստանյալ: Տոլստոյին ոչինչ չէր բավարարում, ասես հանցանք էր փնտրում, որ կանգներ դատարանի առջեւ: Իսկ նրա փնտրած դատարանն այլեւս գրականությունը չէր: Իր կերտած հերոսների՝ Աննայի, Լեւինի, Իվան Իլյիչի հոգիներն իրենը չէին. նրանք անվերադարձ լքել էին խեղճ Գրաֆին: Փրկելու զորություն արվեստը չունի, բայց Տոլստոյն ամեն գնով փրկվել է ուզում: Փրկվել գոյության անիմաստությունից, փրկվել անձնականությունից: Հաջորդ ատյանն Աստծո դուռն է: Գրաֆի թակոցը մոլեգին է հնչում: Գրականությունից դեպի քարոզչություն…

Սա ամենակարճ ու մատչելի ճանապարհն է, որից դավադրաբար օգտվում է Տոլստոյը ու լույս աշխարհ բերում իր կրոնական տեքստերը, սկզբնադրում, այսպես ասած՝ տոլստոյականությունը: Նա գրողից վերածվում է առաքյալի։ Շուտով ռուս եկեղեցին, իր գործիչներով հանդերձ, փշրում է Տոլստոյի փրկության վերջին հույսը: Նա կտրում է բոլոր կապերը եւ եկեղեցու, եւ Աստծո հետ: Վերջ. դատարանի հնարավորություն Գրաֆն այլեւս չունի, նրան մի բան է մնում՝ փախչել: Տոլստոյի վերջին հանգրվանն Աստապովոյի կայարանն է, որտեղ նա կմեռնի եւ մահվան մեջ կվերադարձնի փրկության հույսը»:

Ցուցասրահում ներկայացված են նաեւ Լեւ Տոլստոյի այն գրքերը, որոնք պատկանել են Հովհաննես Թումանյանին։ Դրանց շարքում կան ուշագրավ կազմերով առաջին հրատարակություններ, նաեւ նմուշներ Տոլստոյի որոշ երկերի հայերեն թարգմանության եւ լույսընծայման առաջին փորձերից: Վստահաբար, Լեւ Տոլստոյի արվեստն ուսումնասիրողների, ինչպես նաեւ գրականության հետ առնչակցություն ունեցող մարդկանց համար այս ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է՝ եւս մեկ անգամ մոտիկից ծանոթանալու նրա կյանքին ու ստեղծագործությանը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 25-ը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X