«Իգլան» ատրճանակ չէ

Մինչ երկիրը ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ հարցազրույցն էր քննարկում՝ ղարաբաղյան թեմայով, մեկ այլ աննախադեպ իրադարձություն շեղեց հանրության ուշադրությունն այդ հարցազրույցից․ ձերբակալվել է Ղարաբաղի հերոս Սամվել Բաբայանը։ Նրան մեղադրում են մաքսանենգ ճանապարհով զենք ներկրելու, այդ թվում՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մեջ։ Ձերբակալվել են եւս երկու անձ, որոնք, ըստ Ազգային անվտանգության ծառայության, դա կատարել են Բաբայանի «պատվերով»։ Բնականաբար, փաստը շոկ, տարակուսանք, ապա վրդովմունք ու տարաբնույթ մեկնաբանություններ առաջացրեց։ Սամվել Բաբայանի համախոհները՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» առաջնորդներն ու անդամները, կատարվածը կապեցին իշխանության կողմից իրենց դաշինքի նկատմամբ վերաբերմունքի, իրենց կողմնակիցներին ճնշելու, հաշվեհարդար տեսնելու հետ։ Հիշեցին Ջրառատի դեպքը, հայտարարություն տարածեցին, հարցազրույցներ տվեցին։ Սոցցանցերում օգտատերերն սկսեցին հումոր անել, անգամ հիշեցին 2000 թվականին Սամվել Բաբայանի ձերբակալությունը՝ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձից հետո, որը, ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ կատարվել է նույն օրը՝ մարտի 22-ին։ Կարծիքներ հնչեցին, որ «Իգլան» մակարով ատրճանակ չէ, որ վերցնես ու ավտոմեքենայով Վրաստանից բերես Հայաստան։ Եվ ինչո՞ւ Վրաստանից, երբ Ղարաբաղում «ծով զենք» կա, եւ բերելն էլ շատ ավելի հեշտ կլիներ։ Ոմանք էլ կապ տեսան նախօրեին Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթի, ՀԱԿ-ՀԺԿ խաղաղության քարոզչության եւ պատերազմի կողմնակից Սամվել Բաբայանի ձերբակալության միջեւ։ Ենթադրեցին, որ իշխանությունը «բազեներին» մեկուսացնում է ու «աղավնիներին» ասպարեզ տալիս, որ ղարաբաղյան փաստաթուղթն ստորագրելու համար ձեռքերն ազատի։

Մեկնաբանություն
X