Քաղաքագրություն. Երևանը և Նովրուզ-Բայրամը

Քաղաքը մի քանի անգամ սիրելի է դառնում, երբ սիրվում է հարեւան կամ ավելի հեռավոր երկրներից ժամանած մարդկանց կողմից: Երբ այդ մարդիկ կրկին գտնում են իրենց զվարթությունը, հետաքրքրականությունը, ծանոթանում են այլ մշակույթների, այլ ժողովուրդների ավանդույթների հետ, նրանց նիստուկացին:

Նովրուզ-Բայրամը նշելու համար Իրանից Երեւան ժամանած մարդկանց տեսնելը, քաղաքի փողոցներում, բակերում, սրճարաններում ու փաբերում նրանց հանդիպելը, արդարեւ, ուրախալի իրողություն է: Գիտակցումը, որ Երեւանը միայն տեղաբնակների ու երկրացիների համար առանձնացված չէ, որ մեր քաղաքը հյուրընկալ է, ազնվական ու բաց, ունակ ընդունելու բոլոր բարեկամ եկվորներին, այն մարդկանց, ովքեր ցանկանում են հենց այստեղ անցկացնել իրենց հանգիստը, այս բնակավայրի եւ այս մշակույթի հետ առնչակցվել եւ, ինչու չէ՝ վերադառնալ հաջորդ տարի:

Մասնակի մի զգացողություն ես ունենում, երբ քաղաքի գլխավոր փողոցներում կամ Հանրապետության հրապարակում հանկարծ որսում ես իրանցիների՝ Երեւանի շենքերին, արձաններին, անգամ երթեւեկությանը բեւեռված քննասեր հայացքները: Ինքնաբերաբար քո հայացքը եւս սահում է, խփվում նույն թիրախին եւ շատ ժամանակ հենց այդ մարդկանց միջով ես վերստին բացահայտում հարազատ քաղաքիդ հմայքը. քաղաքիդ արժանավորությունները, բացահայտ, սակայն, այնուամենայնիվ, ինքնամփոփ գաղտնիքները:

Հնագույն ժամանակներից ի վեր, իհարկե՝ որոշակի ընդհատումներով, Երեւանը, որպես բնակավայր, որպես առեւտրի կենտրոն, բաց ու եռուն է եղել թե՛ երկրացիների եւ թե՛ եկվորների համար, քաղաքում կողք կողքի ապրել են օտարազգի, տարբեր դավանություն ունեցող մարդիկ, կիսել են համատեղ առօրյան, հացն ու կեցությունը: Երվանդ Շահազիզն իր «Հին Երեւանը» գրքում գրում է․ «Քաղաքում հասարակաց զբոսատեղիներ չեն եղել. զբոսնել են եկեղեցիների եւ մզկիթների բակերում, որոնք իրենց հսկա, ստվերաշատ չինարներով, ջրի առվակներով ու ծորակներով հարմարություն են ընձեռել այդ նպատակի համար: Հայոց եկեղեցիներ են եկել եւ մահմեդականները. նրանք հաճախ բերել են եկեղեցիները եւ իրենց հիվանդներին բժշկելու համար: Ամենամեծ տոնը համարվել է Նովրուզ-Բայրամը, պարսկական նոր տարին, երբ քաղաքի ներկայացուցիչները եւ գավառից եկածները գնացել են սարդարի ապարանքն իրենց շնորհավորանքի հետ միասին եւ «փեշքեշներ» մատուցել նրան:

Նովրուզ-Բայրամը հնում կոչվել է Նովրուզ-Սուլթանիյե, որ նշանակում է նոր թագավորական կամ պետական տարի: Դա միակ քաղաքացիական տոնը լինելով, միշտ տոնվել է մեծ հանդիսավորությամբ: Մարտի 21-ին, արեւի ծագելուց 47 րոպե անց, մահմեդական լուսնի տարվա 12-րդ ամսի մեկին, բերդի հրետանին եւ բերդապահ զորքը երեք անգամ համազարկ են տվել, որով ավետել են հին տարվա վերջանալը եւ նորի սկսվելը եւ փառաբանել են նոր տարին. սկսվել է տոնակատարությունը՝ զբոսանք, ուրախություն, կերուխում, երգուպար, որ տեւել է երեք օր շարունակ, իսկ սարդարի ապարանքում եւ մեծամեծների տներում՝ ութ օր: Նոր տարվա սկիզբը միշտ հայտարարվել է այն րոպեին, երբ արեգակը մտել է խոյի համաստեղության մեջ, լիներ գիշերը, թե ցերեկը»:

Վերընթաց իմացություն է՝ տեսնել եւ հերթական անգամ բացահայտել Երեւանն ուրիշների ուրախության պատկերով եւ մտքերի սահմանումներով:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X