ՅՈՒՆԵՍԿՕ-ն կվերականգնի սովետական բարքերն ու կարգերը, եթե․․․

Այն, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին իրենց իշխանությունը խնամքով նախապատրաստել եւ ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր պաշտոնի թեկնածու, դա իրենց գործն է: Սակայն եթե այդ կառույցում ապրիլին տեղի ունենալիք զրույցի առաջին փուլը նա անցնի, ուրեմն նավթադոլարներն իրենց սեւ գործն արել են:

Այդ դեպքում մեզ մնում է հոկտեմբերին կայանալիք փակ-գաղտնի քվեարկության անցկացմանը վերաբերվել ամենայն լրջությամբ եւ ամեն ինչ անել, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման համաշխարհային կազմակերպությունը զերծ մնա Ադրբեջանի պես՝ պատմության ու մշակույթի կեղծման բնօրրան պետության ներկայացուցչից: Ասածս մերկապարանոց չհնչելու համար նշեմ, որ դեռեւս սովետական տարիներին հայր Ալիեւի անմիջական խորհուրդներով լժե պատմաբան Զիա Բունիաթովը զարգացնում էր այն տեսությունը, որ ղարաբաղցիներն աղվաններ են, իսկ հուշարձաններով հարուստ այդ երկիրն աղվանական է: Ու մինչեւ այսօր:

Ավելին, սովետական այդ շրջանում էր, երբ պարսիկ մեծ բանաստեղծ Նիզամին յուրացվեց ու դարձավ իրենցը: Ու այսպես անթաքույց, կեղծիքի գիրկն ընկած, մշակույթ չունեցող թաթարական ցեղախումբը, խորհրդային շրջանից սկսած, հիմք ընդունելով կեղծիքն ու սուտը, կամաց-կամաց յուրացրեց եւ իրենը համարեց հարեւան երկրների արվեստի եւ մշակույթի հարյուրավոր մեծուփոքր արժեքներ: Դեռեւս թարմ է քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում՝ նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքի առջեւ Նախիջեւանի, Ջուղայի հազարավոր խաչքարերի, քրիստոնեական այդ բարձրագույն արժեքների բարբարոսական ոչնչացումը:

Եվ երաժշտության ու մշակույթի ոչ անհայտ գործիչ Փոլադ Բյուլբյուլօղլին ծպտուն անգամ չհանեց: Եվ մի՞թե այդ անպատժելիությունը չէր, որ Դահիշը, այսպես կոչված՝ «Իսլամական պետությունը», ոչնչացրեց ու ավերեց Լիբիայի, Իրաքի, Սիրիայի պատմամշակութային հուշարձանները եւ քրիստոնեական արժեքները: Այո, հենց «Իսլամական պետության» այդ ռադիկալիզմը, ավերումն Ադրբեջան կոչվող երկրից են սկզբնավորվում․ վերջին վառ վկայությունը սիրիական Պալմիրան է: Եվ Ադրբեջանն ուզում է, որ իր ներկայացուցիչը միջազգային այն կառույցի ղեկավարը դառնա, որը կոչված է աշխարհով մեկ տեր կանգնելու համաշխարհային արվեստի եւ մշակութային բարձրագույն արժեքներին:

Միջազգային կառույցի հրաշալի պատվանդան, որտեղ ադրբեջանական կեղծիքն ու սուտը միջազգային մասշտաբով կարող են օրինականացվել եւ վավերացվել:
Մի քանի տարի առաջ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի նախաձեռնությամբ Փոլադ Բյուլբյուլօղլին եղավ Շուշիում եւ իր աչքով տեսավ, թե հայերն ինչպես են պահպանում մահմեդական հուշարձանը եւ գերեզմանոցը: Այսքանից հետո եւ ի՞նչ: Իր այցից դեռ մի քանի ամիս էլ չէր անցել, երբ «դիվանագետ», ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հավակնորդ Փոլադ Բյուլբյուլօղլին ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը զենքը ձեռքին կազատագրի իր պապի ծննդավայրը:

Իսկ ոչի՞նչ, որ Ստրաբոնի վկայությամբ Արցախը, Ուտիքը, ներկայիս Շուշին Հայաստան աշխարհի կենտրոնն են եղել: Արդեն փաստեր կան, որ Ադրբեջանը նավթադոլարների միջոցով միջազգային շատ հեղինակավոր կառույցներում իր սուտն ու կեղծիքն է օրինականացնում: Հուսանք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն զերծ կմնա դեռեւս խորհրդային շրջանից եկած, կեղծիքի մեջ թաթախված Ադրբեջանի ներկայացուցչին գլխավոր տնօրեն ընտրելուց: Իսկ մեր արտաքին գործերի նախարարությունն այս առիթով ոչ թե պիտի քաղցր-մեղցր մի քանի նախադասությամբ բավարարվի, այլ Իրանի հետ մեկտեղ ամեն ինչ անի, որպեսզի մեր եւ հարեւան երկրների մշակութային արժեքները յուրացնող Ադրբեջանի ներկայացուցչին հեռու պահի ՅՈՒՆԵՍԿՕ-ից:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ
«+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր

Մեկնաբանություն
X