Քաղաքականություն

Մեծ լռությունից առաջ

Ազգային ժողովի ընտրությունների հավերժ թվացող քարոզարշավը վերջապես ավարտվում է։ Վաղը լռության օր է, եւ մեզ արգելված է քարոզչություն անել, ուստի այսօր վերջին անգամ խոսենք այս ընտրությունների, դրանց կարեւորության եւ, ընդհանրապես՝ ընտրողի անելիքի մասին։ Հուսով եմ՝ այն ամբողջ կեղծիքը, խաբեությունը, սին խոստումները, ճնշումները, սպառնալիքները, ընտրակաշառքը, պոպուլիզմը, որ պատգամավորության թեկնածուները կիրառում էին ընտրողների նկատմամբ, էական ազդեցություն չեն գործել, եւ ՀՀ քաղաքացին թացը չորից կարողանալու է զատել։ Ըստ այդմ էլ իր ընտրությունը կատարելու է բացառապես կամովին, սթափ մտքով եւ լավ իշխանություն ունենալու ակնկալիքով։ Չէ՞ որ այս ընտրությունը, ի տարբերություն նախորդների, պայմանավորելու է առաջիկա 5 տարիների մեր ընթացքը, եւ խորհրդարանում նստած յուրաքանչյուր անձի որակներն ու գիտելիքները կարեւոր դեր են կատարելու։ Պետք է գիտակցել, որ խորհրդարանը կոճակ սեղմողների մարմնից վերածվելու է մեր պետության գլխավոր մարմնի, որի գործունեության արդյունքում եւ որի կազմն է որոշելու մեր երկրի ապագան։ Այսինքն, մարդը պետք է այժմ որոշի՝ ի՞նչ է ուզում ինքը, որ իր ապագան որոշեն Շմայսն ու Լֆի՞կը, թե՞ Նիկոլն ու Բագրատյանը, Կարեն Ավագյանն ու Արտաշես Գեղամյա՞նը, թե՞ Արամ Մանուկյանն ու Վարդան Բոստանջյանը։ Հարցը շատ պարզ է, եւ մաթեմատիկական բարդ հաշվարկների կարիք չկա։ Յուրաքանչյուր նորմալ քաղաքացի ուզում է լավ ապրել, լավ երկրում ապրել եւ իրեն ծառայող ազնիվ իշխանություն ունենալ։ Ուրեմն ձեր ընտրությունը կատարեք միմիայն այդ հաշվարկով ու ցանկությամբ՝ չտրվելով կասկածելի թելադրանքներին ու այսրոպեական շահերին․ 10-20 հազարը կծախսվի, համատիրության Վարսիկը թոշակի կգնա, իսկ ՀՀԿ-ական պետիդ աշխատանքից կազատեն։

Մեկնաբանություն
X