Նորից Gallup-ի անունը հոլովող շառլատաններ

Երեկ Երեւանում հերթական ինքնակոչների խումբը, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցումների արդյունքներ էր ներկայացրել Gallup-ի անունից: Դժվար է բացատրել, թե ինչու է հատկապես Gallup անունը գրավում մեր տնաբույծ զեղծարարներին, սակայն փաստը մնում է փաստ, որ սա Gallup անվան հետ ասոցացվել ջանացող երկրորդ ինքնակոչ խմբակն է, որի կազմում են Գեւորգ Պողոսյանը եւ մի շառլատան պատմաբան-հոգեբան-լաբորանտ Վիլնյուսից՝ Rasa Alisauskiene անուն-ազգանվամբ:

Ընթերցողը կհիշի, խորհրդարանական ընտրարշավի մեկնարկին MPG անունը կրող, Երեւան, Բաղրամյան 2 հասցեում գրանցված մի ՍՊԸ-ի աշխատակիցներն էին մամուլի ասուլիս հրավիրել եւ իբր սոցհարցման արդյունքներ հրապարակել՝ իրենց Gallup-ի հետ առնչություն վերագրելով: Այն ժամանակ առիթ ունեցանք գրելու, որ մի շինարարից, մի բնապահպանից, մի մաթեմատիկոսից, մի ժողինստիտուտի շրջանավարտից եւ երկու կրթություն չունեցող անձանցից կազմված վեցհոգանոց խմբակը, որ իրեն կոչում է MPG ՍՊԸ, որեւէ առնչություն չունի ոչ սոցիոլոգիայի հետ, ոչ Ջորջ Գելափի կողմից 1935-ին հիմնադրված ամերիկյան սոցիալոգիական հաստատության: Երեւանյան MPG-ն կապ ուներ Gallup բրենդը գործածելու իրավունք ձեռք բերած WIN/Gallup կամ WIN/GIA կոչվող կառույցի հետ, որը 2010-ին հիմնադրված աշխարհի 60-70 երկրներից ՀԿ-ներ, ՀՁ-ներ, ՍՊԸ-ներ ներառող խառնակույտ-կոնգլոմերատ է:

Երեկ ասուլիս հրավիրած եւ իրենց ամերիկյան Gallup Inc.-ի հետ առնչություն վերագրած Գեւորգ Պողոսյանն ու ընկերները, նույն MPG ՍՊԸ-ի բնույթի եւ մակարդակի զեղծարարներ են, այն տարբերությամբ միայն, որ Գեւորգ Պողոսյանն ինքը սոցիոլոգ է՝ Ահարոն Ադիբեկյանի կարգի: Նա հիմնադրել եւ ղեկավարում է Հայաստանի սոցիոլոգների ասոցացիա (ASA) կոչվող ՀԿ-ն, որի կողմից էլ իրակացվում են Պողոսյանի վկայակոչած սոցիոլոգիական հետազոտությունները: Այժմ՝ ինչ ձեռնածությամբ է Գեւորգ Պողոսյանը իր ASA-ի հետ փորձում Gallup-ի հետ առնչություն ստեղծել:

Կապակցող օղակի դերին հավակնում է 2008-ից ի վեր յուրաքանչյուր նախագահական կամ խորհրդարանական ընտրության ժամանակ Վիլնյուսից Երեւան բերվող, ՀՀԿ-ի նկարած թվերը թութակող, երեկ էլ ասուլիսին Գեւորգ Պողոսյանի կողքին երեւացած Rasa Alisauskiene-ն: Ի դեպ, տարիներ շարունակ այս անձին Հայաստան են բերել եւ սոցհարցումներ են պատվիրել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ ասոցացվող հեռուստաընկերությունները, այդ թվում՝ մի քանի անգամ Armnews-ը: Այս անգամ ասվել է, թե սոցհարցումը «Երկիր Մեդիան» է պատվիրել, բայց դժվար է հավատալ, թե տարիների իրական պատվիրատուն եւ թելադրողը փոխված է:
Այդ առումով Գեւորգ Պողոսյան-Rasa Alisauskiene դուետի՝ ասուլիսում ներկայացրած թվերը կարելի էր ընտրության մասնակցող իշխանական ուժի հավակնությունների սահմանագիծ համարել։ Սակայն անիմաստ սոցհարցումները կամ սոցգուշակությունները մի կողմ թողնենք, որովհետեւ վաղն ամենքս կիմանանք փաստական արդյուները: Փոխարենը տեսնենք, թե ո՞վ է ամեն ընտրությանը Վիլնյուսից Երեւան «գաստրոլների» եկող Rasa Alisauskiene-ն:

Անգամ Exit poll գրել չկարողացող մեկը

Rasa Alisauskiene-ն սոցիոլոգիայի ասպարեզում կրթություն չունեցող մի ինքնակոչ անձ է, որը խորհրդային ժամանակներում մի քանի տարի սովորել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի ինչ-որ համալսարանի պատմության ֆակուլտետում: Իսկապես սովորե՞լ է, թե՞ ստում է՝ դժվար է պարզել, բայց փաստ է, որ տարօրինակ կերպով համալսարանն ավարտել է ոչ թե պատմաբանի, այլ հոգեբանի դիպլոմով: Դրանից հետո լաբորատորիաների է աշխատակցել, իբր նաեւ «սոցիոլոգիական լաբորատորիա» կոչվող միավորների:

Հետո փլուզվել է Խորհդային Միությունը եւ այս պատմաբան-հոգեբան-լաբորանտը դարձել է բիզնեսմեն: Ինչպե՞ս է դա արել: Հիմնադրել է մի ՍՊԸ, որը զբաղվել է ապրանքային շուկայի ուսումնասիրությամբ եւ գովազդով: Հետո թերեւս բնազդաբար կողմնորոշվել է, որ ինչու միայն շուկայի հետազոտություններ, սոցիոլագիական հետազոտություններն էլ կարող են պահանջարկ վայելել, եւ ապրանքագետից սոցիոլոգի է վերածվել՝ ինքն իրեն այդպես կոչելով:

Ահա ինքնակոչ սոցիոլոգի այս կենսափուլում էլ ճակատագիրը ժպտացել է վիլնյուսցի շառլատան այդ կնոջը: Ի՞նչպես: 90-ականների վերջին, 2000-ականների սկզբին, երբ մեկնարկել է նախկին սոցիալիստական երկրների՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, Եվրոպական հանձնաժողովը տասնյակ միլիոնավոր դոլարների բյուջեով Eurobarometer կոչվող սոցհետազոտությունների շարք է նախաձեռնել՝ ԵՄ-ին անդամակցել ձգտող Արեւելյան Եվրոպայի երկրների իրադրությունը պատկերացնելու եւ գնահատելու համար:
Eurobarometer-ի պատվերը շահելու մրցույթներին մասնակցելու համար ամերիկան Gallup Inc.-ին հարկավոր է դարձել սեփական ենթակառուցվածք Արեւելյան Եվրոպայում:

Այդպես Gallup-ը Հունգարիայում հիմնադրում է ստորաբաժանում: Վերջինս իր հերթին Արեւելյան Եվրոպայի երկրներում գտնում է տեղական գործընկերներ, որոնք Eurobarometer-ի մրցույթը շահելու դեպքում մասնակցեն հետազոտություներին: Լիտվայից գործընկեր է ընտրվում Rasa Alisauskiene-ի «Baltic Surveys» ՍՊԸ-ն, ոչ որովհետեւ այն սոցիոլոգիայի հետ կապ ուներ, այլ որովհետեւ այդ ժամանակ Լիտվայում առհասարակ գոյություն չունեին սոցհետազոտման կառույցներ: Gallup Inc-ն շահում է տենդերը, կարծեմ հինգ տարվա ծրագրով, եւ դրա շրջանակներում էլ Rasa Alisauskiene-ի ՍՊԸ-ն համագործակցում է Gallup Hungary-ի հետ:

Դա է վիլնյուսցի շառլատան այս կնոջը Gallup անվան կապող առնչությունը: Այլապես ոչ Rasa Alisauskiene-ն է երբեւէ եղել Gallup-ի գոնե փորձագետների թվում, ոչ էլ իր «Baltic Surveys»-ը՝ Gallup Inc.-ի ստորաբաժանումների կազմում: Gallup-ի Incorporated-ի կայքը հասանելի է բոլորին, եւ բոլորը կարող են աչքի անցկացնել, թե Gallup-ի համաշխարհային գրասենյակների ցանկը, թե փորձագետների: Եվ վերջին ուշագրավ մանրուքը. իրեն Gallup-ի հետ առնչություն վերագրող Rasa Alisauskiene-ն երեկվա ասուլիսում նստած է եղել «Exitt polls» բառերով բանների ֆոնին: Նա անգամ անգլերեն exit poll բառերի ուղղագրությունը չգիտի։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X