Երևակայությունը բորբոքվում է ապրիլի 1-ին

Hraparak.am-ն այսօր «Նորից Gallup-ի անունը հոլովող շառլատաններ» վերտառությամբ նյութ է հրապարակել, որտեղ հեղինակը նշում է, որ երեկ Երեւանում հերթական ինքնակոչների խումբը, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցումների արդյունքներ էր ներկայացրել Gallup-ի անունից:

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան պատասխանել է հոդվածի հեղինակին․

Baltic Survey/Gallup Organization կազմակերպությունը հիմնվել է Լիտվայում 1992թ.-ին: Անցած 20 տարիների ընթացքում այն հարյուրավոր սոցիոլոգիական հետազոտություններ է իրականացրել ավելի քան 40 երկրներում: Այս կազմակերպությունն ամերիկյան Gallup Organization-ի անդամ է և պաշտոնապես բացառիկ իրավունք է ստացել օգտագործել GALLUP անունն իր բոլոր սոցիոլոգիական հետազոտություններում: Այդ մասին տեղեկություններ կարելի է ստանալ իրենց և Gallup-ի պաշտոնական կայքից:

Ավելացնենք, որ և՛ Baltic Survey-ը, և՛ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ ESOMAR եվրոպական շատ հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպության անդամ են հանդիսանում:

Տասնյակ տարիներ մասնագիտական սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնող այս կազմակերպություններին «շարլատան» անվանել կարող են միայն նախանձից ապշահարված, պատվերով հոդված գրող թշվառ լրագրողներ: Զարմանալի է, որ «Հրապարակ» թերթի խմբագրությունն իր էջերում թույլ է տալիս ոմն Լուսինե Պետրոսյան անունով շարլատան լրագրողին նման հիմարություն տպագրել: Հույսները երևի դրել են նրա վրա, որ նյութը տպագրել են ապրիլի 1-ին: Միայն թե պետք չէ մոռանալ, որ ապրիլի 1-ից հետո գալու է ապրիլի 2-ը և պատասխան տալու ժամանակը:

Հ.Գ. Զարմացած ենք, որ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավարը նման լեքսիկոնով պատասխան է ուղարկել, իր ակնարկած ապրիլմեկյան սրացումը կարծես նկատելի է, իսկ բովանդակային մասին դեռ կանդրադառնանք:

Մեկնաբանություն
X