Երեւակայության կարիք չկա, փաստերը սպառիչ են

Hraparak.am-ում այսօր ավելի վաղ հրապարակված իմ՝ «Նորից Gallup-ի անունը հոլովող շառլատաններ» հոդվածին արձագանք է ստացվել Գեւորգ Պողոսյանի ղեկավարած ՀԿ-ից: Պատասխանում չի հերքվել իմ նյութում հրապարակած որեւէ տեղեկություն:

Ոչ այն, որ Գեւորգ Պողոսյանն եւ իր ASA ՀԿ-ն ջանում են զարտուղի ձեռնածություններով իրենց Gallup-ի հետ առնչություն վերագրել՝ Rasa Alisauskiene կոչվող անձի միջոցով:

Ոչ այն, որ Rasa Alisauskiene անձին 2008-ից ի վեր յուրաքանչյուր նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վիլնյուսից բերում են Երեւան գաստրոլների:

Ոչ այն, որ Rasa Alisauskiene-ն անգամ կրթություն չունի սոցիոլոգիայի բնագավառում:

Ոչ այն, որ Rasa Alisauskiene-ն իբր սովորել է Վիլնյուսի ինչ-որ համալսարանի պատմության ֆակուլտետում, բայց համալսարանը տարօրինակորեն ավարտել է հոգեբանի որակավորումով:

Ոչ այն, որ այդ պատմաբան-հոգեբանի աշխատանքային փորձառությունը եղել է լաբորատորիաներում:

Ոչ այն, որ ԽՍՀՄ փլուզվելուց հետո պատմաբան-հոգեբան-լաբորանտ Rasa Alisauskiene-ն հիմնադրել է ապրանքային շուկայի ուսումնասիրությամբ եւ գովազդով զբաղվող մի ՍՊԸ:

Ոչ այն, որ հաջորդիվ նորաթուխ բիզնեսմեն Rasa Alisauskiene-ն իր շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող ՍՊԸ-ն վերապրոֆիլավորել է սոցիոլոգիական հետազոտություններով զբաղվելու:

Ոչ այն, որ պատմաբան-հոգեբան-լաբորանտ-մարկետոլոգ-սոցիոլոգ ու չգիտես էլ ինչ ներկայացող Rasa Alisauskiene-ն Gallup-ին առնչվել է Եվրոբարոմետրի հետազոտությունների խողովակով:

Ոչ էլ այն, որ Rasa Alisauskiene-ի եւ մարկետոլոգիայից սոցիոլոգիայի անցած իր Baltic Surveys ՍՊԸ-ի գործակցությունը եղել է Gallup Hungary-ի հետ:

Եթե փաստական ոչինչ չեն կարողանում հերքել, ապա պատասխանելու իմաստը ո՞րն է: Դատարկախոսելը, իբր Rasa Alisauskiene-ն կամ իր Baltic Surveys ՍՊԸ-ն այսօր Gallup Incorcorated-ի հետ առնչություն ունե՞ն: Իհարկե չունեն: Եթե ժամանակին Gallup Hungary-ի խողովակով Եվրոբարոմետրի հարցումների համար առնչվել են Gallup անվանը, դա ոչինչ չի նշանակում:

Եթե Գեւորգ Պողոսյանի, իր ASA ՀԿ-ի անդամների կամ Rasa Alisauskiene գրագիտության մակարդակը exit poll բառը գրել չկարողանալն է, դա դեռ չափանիշ չէ: Հայաստանում տասնյակ հազարավոր մարդկանց անգլերենի իմացությունը թույլ է տալիս բացել Gallup
Inc-ի պաշտոնական կայքը www.gallup.com եւ ստուգելու, որ Gallup-ի միջազգային գրասենյակների ցանկում գյություն չունի ոչ մի Baltic Surveys ՍՊԸ (http://www.gallup.com/corporate/171821/global-offices.aspx ), ոչ էլ Gallup-ի խորհրդատուների կամ գիտական աշխատակիցների ցանկում գոյություն ունի որեւէ Rasa Alisauskiene (http://www.gallup.com/seniorscientists/171815/senior-scientists.aspx ): Հետեւաբար Գեւորգ Պողոսյանի, իր ASA-ի եւ վիլնյուսցի Rasa Alisauskiene-ի անցկացրած սոցգուշակություններն ի՞նչ են, շառլատանությունից բացի:

Վերջում էլ կարճ՝ իմ մասին անձնական հայհոյախոսության մասով: Եթե նամակագիրները կարծում են՝ իրենք միջազգային մակարդակի հետ առնչություն ունեն, ապա թող բացեն եւ նայեն, թե մնացյալ՝ գուցե ավելի էական հրապարակումները մի կողմ թողած, միայն նույն միջազգային մակարդակում ես ո՞ր հաստատությունների ու պաշտոնյաների հետ եմ շփվում՝ Պետդեպարտամենտի հրավերով ԱՄՆ մեկնելուց մինչեւ ՄԹ Լորդերի պալատ այցեր ու հարցազրույցներ, Սուրբ Աթոռի հրավերով Վատիկան մեկնելուց մինչեւ Երուսաղեմի ու Պոլսո Հայոց պատրիարքություններ, տասնյակ պաշտոնյաների ու դեսպանների հետ հարցազրույցներ: Հուսամ՝ իրենց մտավոր մակարդակը թույլ կտա նման հարթություն ու հոդվածներ գոնե ընկալելու:

Այնպես որ՝ հանգիստ, եւ Ձեր չափը ճանաչելով, ընդսմին՝ շատ համեստ չափը: Այլապես ինձ համար խնդիր չէ հարցում ուղարկել Gallup Inc.-ի պատասխանատուներին եւ այնտեղից ստացվող պատասխանով լռեցնել շառլատանների մի խմբակի: Ի դեպ, «շառլատան» էլ «ր»-ով չի գրվում…

Լուսինե Պետրոսյան

Մեկնաբանություն
X