Ընտրողի աչքերով

Եղանակն այսօր բոլորովին տոնական չէ եւ ոչինչ չի ստիպում, որ մարդիկ կիրակի առավոտյան տնից դուրս գան եւ գնան ընտրատեղամաս՝ քվեարկությանը մասնակցելու, բայց ես օրինավոր քաղաքացի եմ եւ այսօր ավելի վաղ արթնացա, քան սովորաբար, հագնվեցի, պատրաստվեցի եւ 10։20 դուրս եկա տնից։ Մինչեւ իմ ընտրատեղամաս՝ Սարյան փողոցի վրա գտնվող «Արեգնազան» կրթահամալիր, մոտ 200 մետր էր։ Արամի փողոցը, որը վերջին տարիներին ամենաբանուկ փողոցներից է եւ ցերեկվա ժամերին այստեղ սովորաբար խցանումներ են առաջանում, ամբողջովին դատարկ էր՝ ոչ մեքենա կար, ոչ անցորդ։ Ճանապարհին մտածում էի՝ մի՞թե այս անգամ մեր ընտրողը պասիվ է լինելու եւ ի տարբերություն նախորդ ընտրությունների ցածր մասնակցություն է գրանցվելու։

Բայց հասնելով «Արեգնազան», որտեղ 2 ընտրատեղամաս է տեղավորված՝ մեկը դպրոցի առաջին հարկում, մյուսը՝ երկրորդ, տեսա, որ բավականին թվով մարդիկ կան արդեն, որոնք ինձ նման կարեւորել են այս օրն ու առավոտ վաղ եկել են ընտրության։ Մարդկանց փոքրիկ հերթ էր գոյացել էլեկտրոնային սարքերի մոտ, որոնք այս ընտրություններում նորույթ են։

Մինչ իմ հերթը կհասներ քաղաքացիների խոսակցություններից հասկացա, որ էլեկտրոնային սարքերը լավ չեն աշխատում՝ ոչ բոլորի մատնահետքն է «կարդում» սարքը, այսպես էր բացատրում սարքի վրա աշխատող կինը։ Համատեղ քննարկման արդյունքում ընտրողներն ու հանձնաժողովների անդամները եզրակացրին, որ կամ մարդիկ «անսնունդ» են՝ մատների վրայի յուղային շերտն է բացակայում, որ սարքը աշխատի, կամ՝ այնքան են մաշել մատները, որ տարբերակիչ գծիկները չեն նշմարվում։ Դիմացս կանգնած տիկինը ենթադրեց՝ «շատ լվացք անելուց է», կողքի տղամարդն ասաց՝ «բա տղամարդկանց մատնահետքն ինչի՞ չի ճանաչում, նրանք էլ են լվացք արե՞լ»։ Ապա միաբերան ծիծաղեցին կատակի վրա։ Կինը, որը «գիտական» բացատրություն էր տվել սարքի չաշխատելուն, ինքն էլ հայտնվեց նույն վիճակում։ Սարքի վրա աշխատող անձը ստիպեց, որ նա իր բոլոր 10 մատներն էլ հերթով դնի ապակու վրա եւ ամեն անգամ սարքի կարմիր լույսը վառվեց։ Բայց դա չխանգարեց, որ կտրոնը տպեն եւ կարծես ոչինչ չի եղել՝ քվեաթերթիկները տրամադրեն։ Սարքի վրա աշխատող անձինք միաբերան հանգստացրին օրինապահ ընտրողին, որն անհանգստացած էր, որ իր մատնահետքը «չի կարդացել»՝ ոչինչ, կարեւորը, որ կտրոնը տպվել է։

Իմ դեպքում սարքն անխափան աշխատեց եւ ես մոտեցա քվեաթերթիկներ տրամադրող անձին։ Այստեղ ինձ տվեցին 9 քվեաթերթիկ, բայց ամենավերեւում ոչ թե թիվ 1՝ «Ելքի» քվեաթերթիկն էր դրված, այլ հակառակ հաջորդականությամբ՝ 9-րդն էր ամենավերեւում։ Ասում են՝ քվեաթերթիկների հաջորդականությունը կարգավորված չէ որեւէ նորմատիվ ակտով։ Բայց այդ դեպքում պարզ չէ, թե ինչու էին փակ քվեարկությամբ ընտրում թերթիկների հաջորդականությունը։ Չէ որ ենթադրվում էր, որ հերթականությունը վերաբերելու է քվեաթերթիկներ տրամադրելու հերթականությանը նույնպես։ Քվեախցիկ մտնելը, քվեարկելը, դուրս գալով կտրոնն ու ծրարը արկղիկների մեջ տեղադրելը մի քանի րոպե խլեց ինձնից։ Միակ բանը, որ կարող եմ արձանագրել՝ քվեախցիկների շատ մոտ լինելն էր միմյանց։ Եթե մի քիչ «հետաքրքրասեր» լինեիր՝ դժվար չէր լինի նայել, թե կողքի խցիկում ում եւ ինչպես են քվեարկում։ Բայց ամենից ուշագրավը տարեց տատիկ-պապիկների արշավն էր դեպի ընտրական տեղամասեր։ Օլիգարխ, մեծահարուստ, վարչական լծակներ տնօրինող անձանց կողմից ուղղորդվող այս զանգվածը դեռ շարունակում է ծառայություն մատուցել ապաքաղաքական դեմքերին, իրենց ստրկական պահվածքի եւ ծախու քվեի միջոցով նրանց տանել իշխանություն։ Հասկանալի է, որ սովետական տարիներին հիմնովին արժեզրկվել է ընտրության գաղափարը եւ այս մարդիկ չեն գիտակցում, որ իրենց քվեն ուժ է, որ դրանով է պայմանավորված, թե ինչ երկրում կապրեն իրենք, իրենց զավակներն ու թոռները, բայց ցավոք այս սերունդը նաեւ որոշակի քանակով վերարտադրվում է՝ իր արժեքային համակարգը փոխանցելով իր զավակներին ու թոռներին։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X