Խորամանկ քարոզչություն և ապաքաղաքական ընտրություն

Մի բան պարզ է՝ այս ընտրակարգը հասուն, գաղափարական, անկաշառ հասարակության համար է։ Այնպիսի հասարակության, որը կարողանում է տարբերել կուսակցությունն անձից, օլիգարխին՝ պատգամավորից, նախագահական կառավարման համակարգը՝ պառլամենտականից։ Այն հասարակության, որը դիմադրողականության բարձր ռեսուրս ունի՝ կաշառատուի, գործատու իշխանավորի, թաղի հեղինակության, բարեկամի ու ընկերոջ ճնշման դեմ։ Այս ընտրակարգը ոչ միայն կրթական բարձր ցենզ է ենթադրում, այլեւ բարձր կենսամակարդակ, գիտակցված ընտրություն կատարելու, լավը վատից տարբերելու ունակություն։ Թվում է՝ վատ ապրող մարդը պետք է դժգոհ լինի իր կյանքից, փոփոխությունների կարոտ լինի եւ տարիներ շարունակ իշխած քաղաքական ուժին մերժելու ուժ գտնի իր մեջ։ Բայց իրականում վատ ապրող մարդը նաեւ անկիրթ է, գաղափարապես ոչ այնքան հասուն եւ իր քվեն ու իր անձը ստորադասում է ամեն ինչին՝ անգամ 5-10 հազար դրամին։ Հանրապետականի բարձր տոկոսները կամ, եթե բացարձակ թվերով ասենք, 771 հազար 249 ձայնը խոսում են մեր ազգաբնակչության խեղճության, խավարամտության, հուսահատության, ուժի առաջ ընկրկելու մասին։ Անշուշտ, պետք չէ դրանից ողբերգություն սարքել, ինչը երեկ անում էր մեր հանրության մտավորական հատվածը, ոչ էլ՝ սալյուտ խփել, ինչն անում էր երկրի կառավարումը տապալած եւ հիմնովին ձախողված Հանրապետականը։ Միայն անմեղսունակները եւ տգետները սրա մեջ կտեսնեն ՀՀԿ-ի բարձր վարկանիշի կամ ՀՀԿ-ի վարած քաղաքականության հասարակական հավանության ապացույց։

Ամեն դեպքում, փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց՝ ինչու, եւ որոշ հետեւություններ անել կատարվածից։ Նախ, պետք է արձանագրենք, որ ռեյտինգային կոչվող ընտրակարգը տվեց իր «պտուղները», որը ՀՀԿ-ն լիուլի վայելում է՝ որպես ավար։ Մեծ-մեծ խոսող ընդդիմության պարտության համար ուրախանալու միայն մի պատճառ կա՝ պատժվեցին այս համակարգին հավանություն տալու, այս Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս ձեւավորելու եւ ռեյտինգայինի դեմ բավարար չպայքարելու համար։ Մինչդեռ խելոք մարդիկ դեռ այն ժամանակ ահազանգում էին, որ Դավիթ Հարությունյանի եւ մյուսների «մտքի թռիչք» տարածքային ցուցակները թակարդ են ընդդիմության ու հասարակության համար եւ իշխանության վերարտադրությունն ապահովելու 100 տոկոսանոց երաշխիք։ Այս ընտրակարգի պարագայում պարզ էր, որ լֆիկներն ու նովոներն ամեն ինչ անելու են բարձր տոկոսներ խփելու համար, եւ անգրագետ ու աղքատ ժողովուրդը քվեն տալու է հենց նրանց, այլ ոչ թե փող չծախսող եւ բարձր մատերիաներից խոսող ընդդիմությանը։

Համակարգի իդեոլոգները հենց այդ հաշվարկից էին ելել, որ ճիշտ է՝ Շարմազանովն ու Աշոտյանը ձայն չունեն, փող չեն ծախսի, բայց փող ծախսող կրիմինալն ու օլիգարխիան կապահովեն նրանց մուտքը խորհրդարան՝ անգամ մանդատ ստանալու հստակ երաշխիք չունենալով։ Այսպես ասած՝ թող բավարարվեն նրանով, որ բիզնեսով են զբաղվում Հանրապետականի կառավարած երկրում, հարկեր են թաքցնում, այլ արտոնություններ են վայելում, քրեական հետապնդումների չեն ենթարկվում եւ այլն։ Եվ այդ մեխանիզմն աշխատեց։ ՀՀԿ-ի մոտ 50 տոկոս քվեների առյուծի բաժինը՝ թերեւս մի 40 տոկոսը, ոչ թե իշխող կուսակցության քվեներն են, այլ կրիմինալի, օլիգարխների, մարզային բդեշխների, գողականների ձայները։ Ըստ այդմ, նորընտիր խորհրդարանում բոլոր նորմալ մարդկանց եւ ընդհանրապես՝ հասարակության գիտակից խավի առաջին անելիքը պետք է լինի ռեյտինգային կոչվող խայտառակությունից ազատվելը։ Ինքը՝ ՀՀԿ-ն էլ պետք է մասնակցի դրան։ Մանավանդ՝ առաջիկա 5 տարիների համար ապահովեց իր գոյությունը, եւ հիմա ժամանակն է հրաժարվելու ստոր ու ամոթալի եղանակներով իշխանության մեջ մնալու ռազմավարությունից։

Հաջորդ պատճառը, որը, կարծում ենք՝ գումարվեց «դավադիր» օրենսգրքին, խորամանկ քարոզչությունն էր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմքն «օգտագործելը»։ Թերեւս պետք է արձանագրենք, որ ՀՀԿ-ին հաջողվեց խաբել նաեւ հանրության մի փոքրիկ ինտելեկտուալ հատվածին, որ փոփոխությունների սկիզբ է դրվում, եւ աշոտյաններին ու կարենավագյաններին նոր մարդիկ են գալիս փոխարինելու՝ Կարեն Կարապետյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, Արմեն Ամիրյան եւ այլն։ Իսկ միամիտ ու արտաքին էֆեկտներով խաբվող հասարակական խավն այս «կուտը» հաճույքով կերավ՝ չխորանալով անգամ այն հանգամանքի մեջ, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակում չկա, իսկ Ամիրյանը, Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը կարող են խորհրդարան անգամ չմտնել, մտնելու են այն հին, հոգնեցրած ու ձախողված դեմքերը, որոնց արժեր հեռացնել իշխանությունից։ Տրոյական ձիու կերպարում հանդես եկող թիմի հեռանալու ժամանակն էլ, անշուշտ, կգա, բայց ավելի ուշ, երբ 5 տարի անց կպարզվի, որ նրանք շատ չեն տարբերվում հներից, իսկ այսօր նրանք դեռ վստահության ինչ-որ ռեսուրս ունեն։

Ընտրություններում արձանագրված արդյունքները նորից ու կրկին խոսում են այն մասին, որ, ցավոք, ընդդիմադիր դաշտը մեզանում ոչ մի կերպ չի կայանում։ Որպես ընդդիմություն հանդես եկող կուսակցությունները շարունակում են ակտիվանալ ընտրությունից ընտրություն՝ լիարժեք օգտագործելով միայն նախընտրական 1-2 ամիսը։ Շարունակում են տանել ոչ գաղափարական, ոչ հետեւողական պայքար։ Շարունակում են պառակտված լինել եւ պայքարել ավելի շատ միմյանց դեմ, քան իշխանությունների։ Շարունակում են անտեսել ընտրական գործընթացներում ներգրավվածության կարեւորությունը՝ լինի վստահված անձերի ու հանձնաժողովների անդամների պատրաստում, թե ՏԻՄ ընտրություններին մասնակցություն։ Նաեւ՝ չեն փորձում բարձրացնել ընտրողների ինքնագիտակցությունն ու ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը, կրթել նրան ու աշխատել նրա հետ՝ ամեն օր, փոքրիկ քայլերով, փոքր դոզաներով։

Այստեղ որոշակի դերակատարում է ունեցել նաեւ այն, որ նման ընդդիմությունը հավատ չի ներշնչում ընտրողի մոտ՝ ուժի, հետեւողական ու համառ պայքարի, իշխանություն վերցնելու դեպքում հաջողելու հույս նրա հետ չեն կապում։ Սրան, անշուշտ, խանգարում է նաեւ ֆինանսական եւ այլ ռեսուրսների սղությունը, իշխանությունում գտնվողների մեքենայությունները՝ հակաքարոզչությունը, վախի մթնոլորտը երկրով մեկ։ Բայց պետք է ընդունել, որ ընտրությունը լիդերների պայքար է, եւ երբ հանրությունը կուսակցության գլխին չի տեսնում անցողիկ, ուժեղ, սկզբունքային գործչի, նախընտրում է ձայնը տալ մեկ ուրիշին։ Հենց այս մտածողությունն էր պատճառը, որ տարիներ առաջ մարդիկ գնացին Դեմիրճյանների, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ետեւից։ Եվ «Ծառուկյան դաշինքի» ու «Ելքի» ստացած քվեների քանակն էլ բացատրվում է այդ ուժերի առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքով։

Մեծ է գայթակղությունը տրվել նիհիլիզմին, ատելություն ու զզվանք տածել ընտրակաշառքով ու վախով ընտրություն կատարող մեր հայրենակիցների նկատմամբ, ձեռքը թափ տալ եւ հուսահատ պարփակվել ապաքաղաքական գոյության շրջանակներում։ Բայց պետք է գիտակցել, որ ամեն դեպքում ժողովուրդը մեղավոր չէ, եւ ժողովրդին մեղադրել պետք չէ։ Պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր՝ անգամ ամենաբարեկեցիկ երկրներում կա նման խավ։ Դրա գոյության մասին է խոսում Հիտլերի, Բեռլուսկոնիի, Թրամփի, Պուտինի եւ ուրիշների ընտրությունը։ Պետք է նաեւ հասկանալ, որ քաղաքացիական հասարակության կայացումը մեկ օրում չի լինում, իսկ մենք 25 տարի ամեն ինչ անում ենք այդ կայացումը ձախողելու համար, բայց այն համառորեն առաջ է գնում՝ ի հեճուկս դրա դեմ պայքարողների։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X