Մարդուն տրված չէ իմանալ պատմության ընթացքը

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ մեր հարցազրույցում անդրադարձ է եղել Ֆրանսիայի առաջիկա նախագահական եւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, Եվրամիության եւ Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերություններին, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությանը եւ այդ կառույցի նպատակներին, պատմության դասերին ու ապագային:

- Պրն. դեսպան, շնորհակալություն հարցազրույցի այս հնարավորության համար: Թերեւս սկսեմ այն հարցից, որ առջեւում Ֆրանսիայի նախագահական ընտրություններն են, որոնց սեւեռված է ողջ Եվրոպայի ուշադրությունը: Ի՞նչ կասեք ընտրարշավի ընթացքի մասին, նաեւ թեկնածուներից մեկի՝ իր հաղթելու դեպքում Ֆրանսիան ԵՄ-ի կազմից հանելու «սպառնալիքի» մասին:

  • Ֆրանսիայում նախագահական ընտրարշավը բուռն ընթացքի մեջ է: Մեզ չորս շաբաթից էլ քիչ ժամանակ է բաժանում ընտրությունների առաջին փուլից: Չմանրամասնելով նշեմ, որ Ֆրանսիայի քաղաքական կյանքում անսովոր վիճակ է ստեղծված: Հրապարակված հարցումների համաձայն, ընտրապայքարի առաջնագծում են Ֆրանսիայի ավանդական մեծ կուսակցությունները չներկայացնող երկու թեկնածուներ: Թեեւ սա ընդամենը հարցումների արդյունք է:

Նաեւ ճիշտ եք՝ առաջատար երկու թեկնածուներից մեկի քարոզարշավի առաջնային թեզերից է Ֆրանսիայի՝ Եվրամիությունից դուրս գալը: Ի դեպ, ընտրարշավին մասնակցող 11 թեկնածուներից նա միակն է, ով նման դրույթ է ներկայացնում: Սակայն այդպիսին է ժողովրդավարությունը… իսկ վերջին խոսքը, իհարկե, ասելու է ընտրողը:

- Ես հավատում եմ, որ Ֆրանսիայում հակա-եվրոպական թեկնածուն չի հաղթի, բայց Brexit-ը ԵՄ ապագայի թեման արդեն դարձրել է օրակարգային ողջ Եվրոպայում: Ֆրանսիայո՞ւմ էլ ԵՄ ապագան կենտրոնական քննարկման թեմա է։

  • Եթե առիթ ունեցել եք հետեւելու Ֆրանսիայի նախագահական ընտրապայքարի առաջատար 5 թեկնածուների հեռուստաբանավեճին, ապա նկատած կլինեք, որ այնտեղ Եվրոպային առնչվող հարցերն էին առանցքայինը: Բոլոր թեկնածուներն էլ արտահայտվել են Եվրամիության, ԵՄ քաղաքականության, նաեւ աշխարհում Եվրամիության տեղի ու դերի վերաբերյալ: Առհասարակ, բոլոր ֆրանսիացիներն են այսօր իրենց հարցեր տալիս ԵՄ ապագայի մասին:

Մի կողմից՝ ԵՄ-ն հաստատուն մուտք է գործել եվրոպացիների առօրյա. գործում են ընդհանուր արժույթ, մարդկանց, կապիտալի, ապրանքների ազատ տեղաշարժ, Եվրամիության ողջ տարածքում հասանելի են անարգել հաստատվելու, աշխատելու, անգամ քվեարկելու հնարավորություններ: Սրանք առավելություններ են, որոնց վարժվել են եվրոպացիները: Պետք է նշել նաեւ Եվրամիության հսկայական ձեռքբերումների մասին տեխնոլոգիական-գիտական ոլորտում՝ Տիեզերական հետազոտությունների գործակալությունը, ավիաշինության ոլորտում՝ աերոբուսների արտադրությունը եւ այլն: Սրանք խոշոր նվաճումներ են, որոնցով հպարտանում են եվրոպացիները:

Մյուս կողմից, սակայն, ԵՄ-ն առճակատվում է նաեւ ճգնաժամերի հետ՝ Հունաստանի պարտք, Թուրքիայի հետ ներգաղթյալների խնդիր, Brexit, որը ԵՄ ճգնաժամի տարր է: Ահա այս համատեքստում է բանավեճն ընթանում Ֆրանսիայում: ԵՄ ամենանվիրյալ ջատագովներն էլ ասում են, որ Եվրոպան պետք է ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ դարձնել, ավելի մոտ ժողովրդավարությանը, քաղաքացիներին եւ ընտրողներին:

- Բարեբախտաբար, Եվրամիությունը շատ կենսունակ կառույց է, այն անվերջ շարժման, վերափոխման, կատարելագործման մեջ է, եւ դրանից կառույցը դեռ միայն հզորանում է: Ես հույս ունեմ՝ ներկա անորոշության փուլը ԵՄ ապագայի, նաեւ օրերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի ապագայի համար սպառնալիքներ չի ուրվագծում:

  • Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը շատ կարեւոր ձեռքբերում է Հայաստանի համար: Այն կարեւոր է նախ իրավական տեսակետից, քանի որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ապագա տարիների հարաբերությունների համար իրավական հիմք է ապահովում:
    Այնուհետեւ, ինչպես գիտեք, Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է առեւտրաշրջանառության առումով եւ թերեւս Ռուսաստանից հետո երկրորդը՝ ներդրումների առումով: Հետեւաբար էական է, որ Հայաստան-ԵՄ կապերը հզորանան, նոր կապեր ստեղծվեն բոլոր ասպարեզներում՝ տնտեսության, գիտության, մշակույթի, համալսարանական համագործակցության, քաղաքական երկխոսության եւ այլն: Հուսով եմ, որ համաձայնագիրն արագ կստորագրվի:

- Ես դրան շատ եմ սպասում: Բայց այսօր էլ, աշնանն էլ՝ հավանաբար, ԵՄ-ն դեռ իր ապագայի վերաբերյալ ներքին քննարկումների, փնտրտուքների փուլում կլինի: Իսկ որեւէ կառույցի անցումային փուլում բոլորի հայացքներն ուղղվում են դեպի գլխավոր դերակատարները․ ԵՄ-ում դա Գերմանիան եւ Ֆրանսիան են: Բարեբախտաբար, երկուսի հետ էլ Հայաստանն ունի ամուր ու ջերմ հարաբերություններ:

  • Գերմանիա-Հայաստան հարաբերություններն իմ պատասխանատվության դաշտում չեն, իսկ Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները, Ձեզ հետ համաձայն եմ, բարեկամական ու ջերմ են, եւ դրա համար կա մի քանի նախադրյալ:

Առաջինը դեռ միջնադարից եկող պատմական կապերն են, բարեկամությունը: Մեր ամուր կապերի երկրորդ հիմնասյունը Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բազմակողմ ու բարձր մակարդակի միջպետական հարաբերություններն են: Բոլորովին վերջերս, երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, կայացավ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա: Հրաշալի արդյունքներով, ուղղակի գերազանց այց էր:

Երրորդը՝ Հայաստանին ու Ֆրանսիային կապող թերեւս ամենաամուր կամուրջը Ֆրանսիայի ստվար, հաջողությամբ ինքնակազմակերպված ու կայացած հայկական համայնքն է: Գիտեք, Ֆրանսիայում ապրում են հարյուր հազարավոր հայեր, ստեղծվել են հարյուրավոր ազգային կառույցներ, կազմակերպություններ: Վերջիններս ղեկավարվում են Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի կողմից (CCAF): Ի դեպ, Համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, որ սովորաբար տեղի է ունենում հունվար ամսվա վերջերին կամ փետրվարի սկզբին, իրենց մասնակցությունն են բերում Ֆրանսիայի նախագահները, ազդեցիկ քաղաքական գործիչները, Ֆրանսիայի համարյա ողջ քաղաքական վերնախավը, հասարակական կյանքի, տարբեր ոլորտների ակնառու դեմքեր: Սա հարաբերությունների խորության եւ ամրության վկայություն է:

-Դուք նշեցիք, որ Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, կա՞ արդյոք ոլորտ, որ հարաբերությունների ընդհանուր մակարդակից ետ է մնում, թե՞ այդպիսիք չկան:

  • Կա՝ առեւտրա-տնտեսական հարաբերությունների ոլորտը: Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա են բազմակողմ, հագեցած հարաբերություններ, որոնք գերազանց մակարդակում են քաղաքական, դիվանագիտական հարթություններում: Միանգամայն գոհացուցիչ մակարդակ է համալսարանական համագործակցության, մշակույթի, գիտության, ապակենտրոնացված համագործակցության եւ այլ ասպարեզներում: Իսկ, ահա, առեւտրաշրջանառության, ներդրումների, տնտեսական փոխգործակցության մակարդակը գոհացուցիչ չէ: Այնպես չէ, որ այս ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, բավարար ջանքեր չեն ներդրվում… ոչ, այդ ամենն արվում է, բայց փոփոխությունները մեծ չեն, եւ արդյունքները գոհացուցիչ չեն:

- Պրն. դեսպան, եթե կարելի է, Ֆրանկոֆոնիայի թեմային անդրադառնանք, եւ մի այսպիսի հարց եմ ցանկանում տալ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ինչի՞ է ձգտում՝ ֆրանսերենի ավելի լայն տարածման, ֆրանսիական մշակույթի ավելի մեծ հանրայնացմա՞ն, թե՞ քաղաքական ազդեցության ակումբի ձեւավորման:

  • Թե մեկը, թե մյուսը եւ թե երրորդը: Դրանք հանդես են գալիս համակցված:
    Քաղաքական ակումբի մասով. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներգրավված են ավելի քան ութ տասնյակ անդամ, ասոցացված եւ դիտորդ երկրներ: Կառույցն ունի մշտապես գործող մարմիններ, որոշակի պարբերականությամբ գումարվում են բարձրաստիճան պաշտոնյաների գագաթնաժողովներ, ներառյալ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով:

Կարծում եմ, այդ քաղաքական բաղադրիչը՝ միջազգային շփումների հարթակը, հենց Ֆրանկոֆոնիայի գրավչություններից մեկն է անդամ երկրների համար: Ես ուրախությամբ ու մեծ գոհունակությամբ եմ նշում, որ 2018-ի տարեվերջին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը: Դա նշանակում է կազմակերպության անդամ երկրների ավելի քան ութ տասնյակ պետությունների ու կառավարությունների ղեկավարների, պատվիրակությունների մասնակցություն Հայաստանի գագաթնաժողովին: Հայաստանի անկախությունից հետո դա կլինի կարեւոր, դիվանագիտական մեծ հնչեղության իրադարձություն:

- Շնորհակալություն պատասխանի համար: Իսկ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության առաջնահերթ նպատակների՝ ֆրանսերեն լեզվի, մշակույթի տարածման առումով ի՞նչ պատկեր է Հայաստանում:

  • Ֆրանսերեն լեզուն Հայաստանում ուսուցանելու, ավելի կիրառական դարձնելու առումով, իհարկե, աշխատանքներ տարվում են: Գիտեք, այստեղ կա Հայաստանում ֆրանսիական համալսարանը, կա Ֆրանսիական լիցեյ, ֆրանսերենի խորացված եւ երկլեզվյա ուսուցմամբ դասարաններ հանրակրթական դպրոցներում:
    Ֆրանսիական մշակույթի վերաբերյալ, կարծում եմ, կարելի է մի ճշտում կատարել՝ ասելով ոչ թե ֆրանսիական, այլ արդեն ֆրանկոֆոն բազմազան մշակույթներ: Օրերս ավարտվեց դեսպանության կազմակերպած Ֆրանկոֆոնիայի 15-օրյակը Հայաստանում: Այդ շարքում նախատեսված էր ֆրանկոֆոն ֆիլմերի ցուցադրություն: Ցուցադրվող երեք ֆիլմ տրամադրել էր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը, մի ժապավեն՝ Կանադայի դեսպանատունը (նստավայրը՝ Մոսկվա), եւ բոլոր այդ ֆիլմերի ցուցադրություններին դահլիճները լեփ-լեցուն էին:

Մի ֆիլմ եմ ցանկանում առանձնացնել, որի ցուցադրությունը նույնիսկ կրկնվեց, այն երկու անգամ ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում: Դա Մալիում (պետություն է աֆրիկյան մայրցամաքում՝ խմբ․) նկարահանված ֆիլմ է, վերնագիրն է «Տիմբուկտու»: Այդ ֆիլմի կրկնակի ցուցադրությանն ինքս ներկա էի, նույնիսկ երկրորդ անգամ այնքան մեծ էր ֆիլմը դիտել ցանկացողների թիվը, որ դահլիճում նստարաններ ավելացվեցին, բայց դարձյալ մեծ թվով հանդիսատեսներ ֆիլմը դիտեցին ոտքի վրա: Սա վկայություն է այն բանի, որ Հայաստանում մեծ է հետաքրքրությունը ոչ միայն ֆրանսիական, այլ նաեւ ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ:

- Պրն. դեսպան, ես եւս մի հարց ունեմ՝ միջազգային հարթակում Ֆրանսիայի քաղաքական ազդեցության վերաբերյալ: Գիտակցում եմ, որ Ձեր պատասխանը կարող է լինել կատարյալ դիվանագիտական, բայց ցանկանում եմ հարցը տալ…

  • Խնդրեմ, իհարկե…

- Գիտեք, ես մի շարք անգամներ առիթ եմ ունցել լսելու, որ Հարավային Կովկասը, այսպես ասած, Ֆրանսիայի պատասխանատվության գոտի է, Ֆրանսիան պատրոնի դերում է այս տարածաշրջանի հանդեպ եւ Եվրոպայի, եւ միջազգային հարթակներում: Դա ճի՞շտ է, թե՞ սխալ, դրանում կա՞ ճշմարտություն:

  • Ձեւակերպման առումով դա սխալ է: Իսկ փոխհարաբերությունների էության մասով, այո, Ֆրանսիան դրական, բարեկամական, խորը հարաբերություններ ունի Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ: Գուցե, նույնիսկ այդ հարաբերություններում, քաղաքականից բացի, մարդկային, զգացական կողմն էլ կա: Ֆրանսիան ցանկանում է, որ Հարավային Կովկասում տիրի խաղաղություն եւ կայունություն:

Այդուհանդերձ նշեմ, որ Հարավային Կովկասի հանդեպ Ֆրանսիայի քաղաքականության համատեքստում Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի, քանի որ, ինչպես նշեցի, Ֆրանսիայում կա հայկական ստվար համայնք:

- Վստահ եմ՝ Դուք հետեւում եք Հայաստանի խորհրդարանական ընտրարշավին: Ցանկանում եմ հարցնել ի՞նչ կարծիք ունեք Տեր-Պետրոսյանի դիրքորոշման եւ առաջադրած կարգախոսի վերաբերյալ:

  • Կարծում եմ՝ առհասարակ հանրային բանավեճն առողջ մոտեցում է, հատկապես երբ այն վերաբերում է կարեւոր հարցերի, ինչպիսին Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղն է: Յուրաքանչյուր հայ յուրովի իր մոտեցումը կդրսեւորի հարցի նկատմամբ՝ համաձայն կլինի կամ չի լինի այս կամ այն տեսակետին: Սակայն բանավեճի արժեքն այն է, որ առաջադրվեն կարեւոր հարց կամ հարցեր, որոնք ակնկալում են մոտեցումներ տարբեր տեսանկյունից:

- Գիտեք, ես Հայաստանում պաշտոնավարած Ֆրանսիայի բոլոր դեսպաններին չէ, որ գիտեմ կամ հիշում եմ, բայց հիշում եմ Ձեր առաջին դեսպանի՝ տիկ. դ’Արտինգի մի խոսքը, որ ասել էր 93-94-ին՝ Ղարաբաղյան պատերազմի առնչությամբ. «Այն, ինչ այսօր թվում է ճիշտ, վաղը կարող է դառնալ սխալ եւ վնասող…»։

  • Ես լիովին համաձայն եմ մեր առաջին դեսպանի՝ տիկ. Դ’Արտինգի դիտարկման հետ: Այո, այն, ինչ մի ժամանակ թվում է ճիշտ, հետո կարող է երեւալ սխալ, որովհետեւ մարդուն տրված չէ իմանալ պատմության ընթացքը եւ ապագան: Մարդը չգիտի, թե պատմությունն իրեն ինչպես կդատի՝ այն, ինչ այսօր ճիշտ է համարում եւ անում է, արդյոք կդիմանա՞ պատմության դատին, ժամանակի քննությանը: Եթե ապագան իմանայինք, գուցե բազմաթիվ իրողություններ մեզ զերծ պահեին՝ չասեմ սխալներից, բայց՝ սայթաքումներից…

- Թերեւս, բայց ինձ թվում է՝ մարդիկ գործելիս պետք է ապագային նայեն, ապագայի չափումը միշտ պետք է մտքում լինի…

  • Գիտե՞ք ինձ անկեղծորեն ինչն է շատ դուր գալիս: Այն, որ Հայաստանի երիտասարդ սերունդը տարբերվում է տարեցներից, ոչ միայն տատիկ-պապիկներից, այլեւ անգամ իրենց ծնողներից: Երիտասարդները հակված են նայելու ապագային: Անցյալը, մտապատճենները նրանց չեն ճնշում, Հայաստանի երիտասարդ սերունդը կարողանում է ազատ, անկաշկանդ նայել ապագային:

- Վստահ եմ՝ Հայաստանի երիտասարդներին հաճելի կլինի դա Ձեզնից լսել..․

  • Արդեն ասել եմ, կարող եք գրել…

  • Կգրեմ, և շնորհակալություն հարցազրույցի համար, պրն. դեսպան:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X