Քաղաքագրություն. Երևանի կահույքագործները

Երևան եկան կահույքագործ նշանավոր վարպետներ, որոնք տեղական կահկարասի պատրաստելուց բացի սկսեցին զբաղվել նաև եվրոպական կահույքի վերարտադրությամբ: Դժբախտաբար, այդպիսի վարպետներից միայն երեքի անուններն են պահպանված:

1900-ական թվականներին հայտնի էին Շմավոն Միրզոյանը, Կոնդեցի Պապինը և Կոտայքցի Մարկոսը: Սփյուռքի հայերից հայտնի է կահույքագործ Հակոբ Գալֆայանը, որի նախագծով ու ձեռքով կատարված գործերից մի քանիսը տեղ են գտել ալբոմում:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, այլ բնագավառների հետ զարթոնք ապրեց նաև կահույքագործությունը: Կազմակերպվեցին կահկարասու արտելներ: Երևան եկան տաղանդավոր ինժեներներ ու վարպետներ, որոնք արհեստի մեջ վերականգնեցին փայտի գեղարվեստական մշակման ավանդները: Ահա այս շրջանում 1920-ական թվականների վերջերին և 1930-ական թվականների սկզբին այդ վարպետների արվեստը նոր, զուտ ազգային հողի վրա դրեց տաղանդավոր կահույքագործ Հովհաննես Նաղաշյանը (հետագայում Հայաստանի նկարիչների միության անդամ):

Հովհաննես Նաղաշյանը ծնվել է 1876թվականին Քանաքեռում: 1893-ին ավարտելով Երևանի թեմական դպրոցը, 17-ամյա Հովհաննեսը մեկնում է Թիֆլիս և ընդունվում ստուդիայի բնույթի կահույքագործական արհեստանոց: Այստեղ նա սովորում է կահույքագործության համար անհրաժեշտ նկարչություն, գծագրություն, փայտագործության արվեստ: Այդ ընթացքում Թ. Թորամանյանի ջանքերի շնորհիվ զարթոնք էր ապրում հայկական ճարտարապետական արվեստը, որը դրական ազդեցություն ունեցավ Նաղաշյանի արվեստագիտական հայացքների վրա: Նախաշյանն առաջինն էր, որ ստեղծեց հայկական ոճով ժամանակակից շքեղ, քանդակազարդ կահույք: Դրա լավագույն ապացույցն են Ալ. Միասնիկյանի անվան հանրային գրադարանի, ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի, խճուղային ճանապարհների մինիստրության, Ղ. Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի, պոլիտեխնիկական և գյուղատնտեսական ինստիտուտների, ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության, շինարարական տեխնիկումի և շատ այլ հիմնարկ-ձեռնարկությունների կահույքները, որոնք բարեբախտաբար, պահպանվում են:

Հովհաննես Նախաշյանի և նրա որդի Զավեն Նախաշյանի ձեռքով են մշակվել Մաշտոցի անվ. Մատենադարանի չորս դռները: Վերջիններիս զարդաքանդակ ծաղիկները հիշեցնում են մեր ազգային գեղանկարչության և ճարտարապետության գոհարները: Նրա բոլոր մտահաղացումներն իրականացան Ալ. Թամանյանի անվան ինդուստրիալ, հետագայում՝ շինարարական տեխնիկումի փայտամշակման ուսումնարանի արհեստանոցում, որը 1923թ. հիմադրել էր ինքը և որտեղ փայտագործություն էր դասավանդում: 1932թ. ուսումնական արհեստանոցին կից Հովհաննես Նախաշյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց շքեղ կահույքի արտադրամաս, որտեղ բոլոր աշխատանքները կատարվում էին նրա նախագծերով:

Այստեղ հատուկ պատվերներով պատրաստվում էին քանդակազարդ կահույքի գրեթե բոլոր տեսակները:

Հայ կիրառական արվեստի անխոնջ մշակն իր երկարատև բեղմնավոր աշխատանքով դարձավ 1930-50-ական թվականների հայկական կահույքի նոր տեսակների մշակման անկրկնելի վարպետը: Նրա ստեղծագործական քուրայում հասունացավ վարպետ-հետնորդների լավագույն մի սերունդ. մարդիկ, որոնք իրենց ուրույն տեղը գտան փայտամշակման և կահույքագործության արտադրության մեջ: Նրանցից են՝ Զավեն Նախաշյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Վազգեն Ներսիսյանը, Վարդան Դարբինյանը, Վարդան Ասլանյանը, Ժիրայր Մկրտչյանը և Լիպարիտ Բուդաղյանը: Հովհաննես Նախաշյանի կենսաթոշակի անցնելուց հետո 1954թ. շինարարական տեխնիկումի շքեղ կահույքի արտադրամասը և ուսանողական արհեստանոցը դադարեցին գոյություն ունենալուց:

Վարդուհի Նաղաշյանի՝ «Քաղաքային կահույքը և փայտափորագրության նմուշները Երևանում» գրքից:

Պատրաստեց՝ Արամ Պաչյանը

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X