Մի ստեք

Երեկ ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ բառացիորեն հայտարարել է. «Ժողովուրդը վերջին 10-15 տարվա մեջ առաջին անգամ փողոց դուրս չի եկել, սա նշանակում է, որ ժողովուրդն ինքը՝ հանրությունը, ընդունում է արդյունքները, սա լեգիտիմ ընտրություն է, սա է ամենակարեւորը»: Նախ՝ ոչ թե ընտրությունը, այլ ձեւավորվող իշխանությունը պետք է լինի լեգիտիմ: Եվ այն լեգիտիմ չէ, որովհետեւ, համաձայն միջազգային միացյալ դիտորդական առաքելության գնահատականի, «ընտրություններն ապականվել են քվեներ գնելով եւ ընտրողների վրա գործադրված ճնշումներով», ինչի արդյունքում նպաստել են ընտրական գործընթացի հանդեպ վստահության «համատարած կորստին»: Սակայն Շարմազանովի ստախոսության պսակը «ժողովուրդը վերջին 10-15 տարվա մեջ առաջին անգամ ընտրություններից հետո փողոց դուրս չի եկել» միտքն է: Ի գիտություն Էդուարդ Շարմազանովի, Հայաստանի ժողովուրդը, 1999-ի խորհրդարանական ընտրություններից սկսած, երբեք ու ոչ մի խորհրդարանական ընտրությունից հետո փողոց դուրս չի եկել: Ոչ 1999-ին, երբ հաղթեց «Միասնություն» դաշինքը, ոչ 2003-ին, երբ խորհրդարան անցավ «Արդարություն» դաշինքը, ոչ 2007-ին, երբ ՀՀԿ-ն հաղթեց ԲՀԿ-ին, ոչ էլ 2012-ին, երբ ձեւավորվեց ներկա խորհրդարանը: Հետեւաբար, այսօր ժողովրդի արձագանքի հիմքում հենց վերջին 10-15 տարում որեւէ խորհրդարանական ընտրությունից հետո փողոց դուրս չգալու ավանդույթն է, այլ ոչ թե հակառակը: Փոխարենը ժողովուրդը փողոց է դուրս եկել բոլոր նախագահական ընտրություններից հետո՝ բացառությամբ 1991-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրության: Իսկ նախագահական ընտրությունը վերացնելուց հետո խորհրդարանական ընտրությունը հանրային գիտակցության մեջ չի վերածվել նախագահականի:

Մեկնաբանություն
X