Մրցունակ չեք

Իշխանական կուսակցությունն այս տարիներին այնքան է հմտացել ընտրություններ կազմակերպելու գործում, որ ոչ միայն ընտրությունների հետ կապված հզոր մեխանիզմներ է ձեւավորել, այլեւ ընտրաճնշումներ գործադրողների, ընտրակաշառք բաժանողների, ընտրաշտաբներում աշխատողների հմուտ եւ ընտրությունից ընտրություն արագ մոբիլիզացվող բանակներ։ Բացի այդ, վիրտուոզ կերպով կիրառում է տեխնիկական բազում հնարքներ, ուսումնասիրել է հայ մարդու հոգեբանական նկարագիրն ու «աքիլեսյան գարշապարը»՝ խոցելի հատվածները, եւ դա ծառայեցնում է հօգուտ իրեն։ Ինչպես նաեւ արագորեն վերակազմակերպվում եւ վերապատրաստվում է՝ հարմարվելով նոր Ընտրական օրենսգրքին եւ Սահմանադրությանը։ Մինչդեռ ընտրություններով նման իշխանությանը հաղթելու, գոնե փոքրիշատե մրցել կարողանալու համար պետք է նույնքան խորամանկ ու ճկուն լինել, նույնքան արագաշարժ ու հնարամիտ, որքան իշխանության բանակն ու նրա իդեոլոգներն են։ Եվ արդյունքն էլ այն է, ինչ եղավ ապրիլի 2-ին։ Երբ ամիսներ առաջ ԱԺ ընդդիմությունը 4+4+4 բանաձեւով քննարկումների էր մասնակցում եւ, ի վերջո, ստորագրեց Ընտրական օրենսգրքի կոնսենսուսային համաձայնության տակ, հանրային սեկտորի ներկայացուցիչները չմիացան դրան։ Արմատական ընդդիմությունը, սակայն, գոհ էր բանակցությունների արդյունքներից՝ իշխանությունը համաձայնել էր հրապարակել քվեարկած անձանց ցուցակները, ինչի մասին տարիներ շարունակ երազում էր ընդդիմությունը՝ որպես իդեալական ընտրություն կատարելու միակ երաշխիք։ Բայց խելացի մարդիկ դեռ այն ժամանակ ասում էին, որ ցուցակների հրապարակման պահանջի վրա շեշտը դնելը ռազմավարական սխալ է, որ դրանց հրապարակումը ոչինչ չի տալու մեզ։ Ընդդիմությունը համաձայն չէր, իսկ այսօր անգամ այդ ցուցակներով հետաքրքրված չէ։

Մեկնաբանություն
X