Քաղաքագրություն. Երևանի կահույքագործները

Երեւան եկան կահույքագործ նշանավոր վարպետներ, որոնք տեղական կահկարասի պատրաստելուց բացի սկսեցին զբաղվել նաեւ եվրոպական կահույքի վերարտադրությամբ: Դժբախտաբար, այդպիսի վարպետներից միայն երեքի անուններն են պահպանված:

1900-ական թվականներին հայտնի էին Շմավոն Միրզոյանը, Կոնդեցի Պապինը եւ Կոտայքցի Մարկոսը: Սփյուռքի հայերից հայտնի է կահույքագործ Հակոբ Գալֆայանը, որի նախագծով ու ձեռքով կատարված գործերից մի քանիսը տեղ են գտել ալբոմում:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո այլ բնագավառների հետ զարթոնք ապրեց նաեւ կահույքագործությունը: Կազմակերպվեցին կահկարասու արտելներ: Երեւան եկան տաղանդավոր ինժեներներ ու վարպետներ, որոնք արհեստի մեջ վերականգնեցին փայտի գեղարվեստական մշակման ավանդները: Ահա, այս շրջանում՝ 1920-ական թվականների վերջերին եւ 1930-ական թվականների սկզբին, այդ վարպետների արվեստը նոր, զուտ ազգային հողի վրա դրեց տաղանդավոր կահույքագործ Հովհաննես Նաղաշյանը (հետագայում Հայաստանի նկարիչների միության անդամ):
Հովհաննես Նաղաշյանը ծնվել է 1876 թվականին, Քանաքեռում: 1893-ին ավարտելով Երեւանի թեմական դպրոցը, 17-ամյա Հովհաննեսը մեկնում է Թիֆլիս եւ ընդունվում ստուդիայի բնույթի կահույքագործական արհեստանոց: Այստեղ նա սովորում է կահույքագործության համար անհրաժեշտ նկարչություն, գծագրություն, փայտագործության արվեստ: Այդ ընթացքում Թ. Թորամանյանի ջանքերի շնորհիվ զարթոնք էր ապրում հայկական ճարտարապետական արվեստը, որը դրական ազդեցություն ունեցավ Նաղաշյանի արվեստագիտական հայացքների վրա: Նաղաշյանն առաջինն էր, որ ստեղծեց հայկական ոճով ժամանակակից շքեղ, քանդակազարդ կահույք: Դրա լավագույն ապացույցն են Ալ. Մյասնիկյանի անվան հանրային գրադարանի, ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի, խճուղային ճանապարհների մինիստրության, Ղ. Ղուկասյանի անվան պիոներների եւ դպրոցականների պալատի, պոլիտեխնիկական եւ գյուղատնտեսական ինստիտուտների, ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության, շինարարական տեխնիկումի եւ շատ այլ հիմնարկ-ձեռնարկությունների կահույքները, որոնք, բարեբախտաբար, պահպանվում են:
Հովհաննես Նաղաշյանի եւ նրա որդի Զավեն Նաղաշյանի ձեռքով են մշակվել Մաշտոցի անվ. Մատենադարանի չորս դռները: Վերջիններիս զարդաքանդակ ծաղիկները հիշեցնում են մեր ազգային գեղանկարչության եւ ճարտարապետության գոհարները: Նրա բոլոր մտահղացումներն իրականացան Ալ. Թամանյանի անվան ինդուստրիալ, հետագայում՝ շինարարական տեխնիկումի փայտամշակման ուսումնարանի արհեստանոցում, որը 1923թ. հիմնադրել էր ինքը եւ որտեղ փայտագործություն էր դասավանդում: 1932թ. ուսումնական արհեստանոցին կից Հովհաննես Նաղաշյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց շքեղ կահույքի արտադրամաս, որտեղ բոլոր աշխատանքները կատարվում էին նրա նախագծերով:
Այստեղ հատուկ պատվերներով պատրաստվում էին քանդակազարդ կահույքի գրեթե բոլոր տեսակները:
Հայ կիրառական արվեստի անխոնջ մշակն իր երկարատեւ բեղմնավոր աշխատանքով դարձավ 1930-50-ական թվականների հայկական կահույքի նոր տեսակների մշակման անկրկնելի վարպետը: Նրա ստեղծագործական քուրայում հասունացավ վարպետ-հետնորդների լավագույն մի սերունդ. մարդիկ, որոնք իրենց ուրույն տեղը գտան փայտամշակման եւ կահույքագործության արտադրության մեջ: Նրանցից են Զավեն Նաղաշյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Վազգեն Ներսիսյանը, Վարդան Դարբինյանը, Վարդան Ասլանյանը, Ժիրայր Մկրտչյանը եւ Լիպարիտ Բուդաղյանը: Հովհաննես Նաղաշյանի՝ կենսաթոշակի անցնելուց հետո՝ 1954թ., շինարարական տեխնիկումի շքեղ կահույքի արտադրամասը եւ ուսանողական արհեստանոցը դադարեցին գոյություն ունենալուց:
Վարդուհի Նաղաշյան՝ «Քաղաքային կահույքը եւ փայտափորագրության նմուշները Երեւանում»

Պատրաստեց Արամ ****ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X