Քաղաքական թանկացումներ

Ընտրություններն ավարտվեցին, եւ լայն սպառման ապրանքները կրկին թանկացան։ Սա արդեն կարծես օրինաչափություն է դառնում։ Եվ պատճառը ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական, որքան էլ որ փորձեն տնտեսական հիմնավորումներ ներկայացնել։ Ապրիլի 2-ից հետո թանկացել են բենզինը, բանանը, ալյուրը, շաքարավազը։ Սրանց ներմուծման մենաշնորհը կոնկրետ օլիգարխների է պատկանում, որոնք ոչ միայն խոշոր բիզնեսմեններ են, այլ նաեւ ընտրություններին մասնակցած քաղաքական սուբյեկտներ։ Օրինակ՝ բենզինի ներկրմամբ Հայաստանում առաջատար «Ֆլեշ» ընկերության ղեկավարը՝ Բարսեղ Բեգլարյանը, Սերժ Սարգսյանի մերձավորներից է, ընտրական պրոցեսներում ակտիվորեն ներգրավված անձ։ Այս ընտրություններում առաջադրվել էր նրա փեսան՝ Սամվել Սանամյանը, ով ՀՀԿ-ի Կոտայքի ռեյտինգային թեկնածուներից էր։ Բանանն էլ է թանկացել, իսկ դրա ներկրման մենաշնորհը պատկանում է ՀՀԿ-ից թիվ 2 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Միհրան Պողոսյանին։ Մյուսը շաքարն է, որի ներկրման ու արտադրման մենաշնորհը, բոլորին հայտնի է, պատկանում է «մեծն բարերար» Լֆիկին՝ Սամվել Ալեքսանյանին, ով թիվ 3 ընտրատարածքում 42 հազարի չափ ձայն տարավ եւ իր նախընտրական «բարեգործությունները», փաստորեն, հիմա ժողովրդի քթից է բերում՝ թանկացնելով իր ապրանքները։ Թանկացումների դեմը պետք է առնեն պատկան մարմինները, օրինակ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)։ Բայց դրա ղեկավար Արտակ Շաբոյանը «քանի՞ գլխանի» է, որ Ֆլեշի ու Լֆիկի դեմ դուրս գա։ Նախօրեին, կառավարության նիստից հետո, մեր լրագրողի դիտարկմանը, թե արդյոք այս թանկացումները չե՞ն վկայում, որ ընտրություններին ծախսած փողերն ուզում են ետ բերել, նա պատասխանել է․ «Էդպես չէ, Ձեր ասածները չեն համապատասխանում իրականությանը»։

Մեկնաբանություն
X