Ավանդույթի համաձայն

Հետընտրական եղանակի խաղաղ բացակայությունը փաստացի հիմք է տալիս ՀՀԿ-ականներին վստահաբար պնդել, որ, իսկապես, այս անգամ ամբողջովին վճիտ ընտրություններ են եղել վճիտությամբ գերազանցող մյուս բոլոր փորձերին: Ըստ իշխանական վերնախավի տրամաբանության, եթե չկա ապստամբություն, բողոք, փողոցային պայքար, խառնիխուռն տրամադրություններ, նշանակում է ժողովուրդը ստուգապես ազատորեն արտահայտել է իր կամքը եւ ընտրել այն ուժերին, որոնց հետ ուզում է ճանապարհ անցնել: Միասին ճանապարհ անցնելու ճանապարհը գուցե թե ամենաբարդ ընտրությունն է, քանի որ հանապազօրյա ուղու վրա ինչ ասես, որ չի լինում եւ կարող է լինել:

Եթե Հայաստանում հետընտրական օրերին փողոցային պայքարի կամ ընդվզման գեթ մեկ իսկական միջոց սկզբնավորվեր, ապա, անշուշտ, մարդիկ՝ շարմազանովներին տխրեցնելով, գործի կդնեին իրենց ընդդիմամարտության ողջ ներուժը: Այդ սկզբնավորումը չի վերագտնվում, որովհետեւ ընդվզումը նաեւ ընդվզման ձեւի որոնումն է, մի ձեւ, որը թույլ կտա իմաստավորել եւ իմաստավորված առարկան գործի դնել, այնպես, որ վերջում այն նոր մտքի եւ նոր սահմանման սուբյեկտ դառնա:

Հետընտրական խաղաղությունն իշխանությանը հույս է ներշնչել, թե ժողովուրդը հաղթված է կամ, ինչպես ասում են, «հպատակված», այլեւս պայքարի ու մաքառումների ներուժ չունի, հույս է ներշնչել, թե իրեն հաջողվել է կատարելապես «գնել» անգամ ընտրողների մարմինները: Կողք կողքի կանգնած մարմիններից մեկն ընտրություն է կատարում, մյուսը ընդսմին վերահսկում է «ընտրության ճշգրտությունը», այս երկխոսությունն ավարտվում է ՀՀԿ-ականների արտառոց ուրախությամբ: Ահա, այս կարճատեւ ծիսակարգը պետություն, աղքատություն, սոցիալական անարդարություն, սահման, հակամարտություն ամենեւին չի ենթադրում, այս ակնթարթն իր վրայից թոթափում է հիշողությունը, պատասխանատվության զգացումը, ներանձնության անհրաժեշտ, փրկարար զգացումը: Արդեն, ավանդույթի համաձայն, պետության ներսում անցկացվող կարեւորագույն ընտրություններից հետո ժողովրդին էթիկական զտիչի միջով անցկացնելը եւ դրանից մնացած արդյունքը դատապարտելը նույնքան առընթեր իշխանական արարք է:

Դիմում են պատմափիլիսոփայական առածների օգնությանը, շեշտելով, թե «ժողովուրդն արժանի է իր ընտրած իշխանությանը»… Բայց, այնուամենայնիվ, ժողովուրդը չի ընտրում այն իշխանությանը, ում արժանի է: Ժողովուրդը եթե ընտրում է, եթե իսկապես ունի նման լիարժեք հնարավորություն, ապա միայն ինքն իրեն է ընտրում:

Հպատակությունը նաեւ քաղաքացու պատկանելություն է որեւէ ֆեոդալական կամ բուրժուական տերության մշտական բնակչության… Կիսաֆեոդալական եւ կիսաբուրժուական աճպարարություններով առաջ շարժվող ղեկավարման համակարգին ուրիշ բան չի մնում, քան ինքնահրճվելը, այդ համակարգին թվում է, թե իրապես ինքն ու իր իշխանությունն արժանի են ժողովրդի քվեին:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X