Քաղաքականություն

Մեզանում արժեքների ընտրության ասպարեզ չէ, որ առաջարկվեց, այլ Աղդամի տոնավաճառ կամ Սլովյանսկի բազար․ Միքայել Հայրապետյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

- Հայաստանում կայացան հերթական ԱԺ ընտրությունները։ Ի՞նչ բացահայտումներ արեցին այս ընտրությունները Ձեզ համար։

  • Հերթական անգամ բացահայտվեց, որ մենք հրաշալի, առողջ, ադեկվատ ժողովուրդ ենք: Մեր քաղաքացիները ցույց տվեցին, որ իրենց խաբել հնարավոր չէ. եթե օկուպացիոն, ավտորիտար, ընտանեկան-կլանային համակարգում չկա ընտրություն, և իշխանության ու կոլաբորացիոնիստների կողմից այդ անվան տակ առևտուր է հրամցվում, ապա իրենք էլ ընտրություն չարեցին ու չլեգիտիմացրին համակարգը, այլ մի մասն իրականացրեց բավականին որակյալ առևտրային գործարք, իսկ մյուս մասը՝ պարզապես հրաժարվեց առևտրով զբաղվել և արհամարհեց առաջարկված տոնավաճառը: (Անձամբ ո՛չ «քվեարկվել» եմ, ո՛չ՝ «քվեարկել»:) Խնդիրն այստեղ ժողովրդի և իր քաղաքական վերնախավի միջև եղած խորն անդունդն է: Իսկ, ինչպես հայտնի է, ցանկացած շինություն, այդ թվում՝ պետության շենքը, անդունդի վրա չի կարող կանգնել, այլ՝ հիմքերի: Եթե չասվի վերջնականապես սղոցվեց, ապա հիմնավորապես մետամորֆոզի ենթարկվեց պետության ամենակարևոր հենասյուներից մեկը՝ Ընտրությունը: Ցավալի է և վտանգավոր:

- Ընտրություններից հետո, կարծես թե, հետընտրական բողոքի ալիքներ չեն սպասվում, քաղաքական-հասարակական կյանքում հաստատված է ստատուս-քվո։ Այդպես ընտրությունների արդյունքներից չբողոքեցին, որքան հիշում եմ, մեկ էլ 1999թ.: Ի՞նչ կարող ենք ակնկալել 2017թ. ԱԺ ընտրություններից հետո։

  • Իսկ մի՞թե առևտրային գործարքներից հետո բողոքի ալիքներ են լինում: Առք և վաճառքից հետո, ծայրահեղ դեպքում, կարող են լինել միայն փաստաթղթային նոտարական ճշգրտումներ: Բողոքի, ընդվզման ալիքն ամենևին կապ չի ունենալու 2017թ. այս միջոցառման հետ:

- Ի՞նչը եւ ինչու՞ է փոխվել 2008թ-ից Շարժում տեսած հասարակության մեջ 2017թ.-ին:

  • 2008թ.-ի 10 տարեկան երեխաներն այժմ ուսանողներ են, իսկ այն ժամանակվա հասակավոր մարդկանց մեծ մասն այժմ չկա, չափազանց շատերն էլ հիասթափված արտագաղթել են: Ողջ մնացած գործիչներից շատերն այսօր կա՛մ օտարված են, կա՛մ գայթակղություններին չդիմացած: Չարժե՝ ինքներս մեզ խաբենք:

- Ի՞նչ գաղափարներ եւ ինչու՞ մերժվեցին 2017թ. ԱԺ ընտրություններում։

  • Կրկնեմ՝ ընտրությունը վերացած է Հայաստանում, ուստի չեմ կարող դատել «ընտրությունների գաղափարների» մասին: Անարյուն անցկացված տոնավաճառում մերժումը, կամ, ավելի ճշգրիտ, սակարկումը, առևտրի առարկայի՝ քվեի շուրջ է եղել, որքանով ինձ հայտնի է: Այդ սակարանից ձեռնունայն դուրս եկան միայն նրանք, որոնք իրոք ընտրական գաղափարները փորձեցին ցինիկացնելով աճուրդի հանել սակարանում: Ասված է՝ Աստծունը Աստծուն, կեսարինը՝ կեսարին:

- Կարո՞ղ ենք ասել, որ 2017թ. ԱԺ ընտրություններով տեղի ունեցավ քաղաքական սերնդափոխություն։

  • Սերունդը, ցավոք, տարիքով չի որոշվում, այլ արժեհամակարգով, իսկ մեզանում արժեքների ընտրության ասպարեզ չէ, որ առաջարկվեց, այլ Աղդամի տոնավաճառ կամ Սլովյանսկի բազար: Եվ եթե որևէ մեկը կարող է ասել, որ, ասենք, Շարմազանովն ավելի նոր սերունդ է, քան Սահակյանը, ապա թող նա առաջին քարն արձակի, ասենք, Խաչիկ Ստամբոլցյանի վրա:

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X