Պատասխանատուն իշխանությունն է

Վերջին 25 տարիներին ընտրական գործընթացներին մասնակցած մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչպես եղավ, որ հանրության շրջանում, մեղմ ասած, ցածր վարկանիշ ունեցող Հանրապետական կուսակցությունը մեր բնակչության 50 տոկոսից ավելի քվեին արժանացավ, եւ Ընտրական օրենսգրքում դրված օրինական ընտրություններ կատարելու մեխանիզմներն ի զորու չեղան ապահովել ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը։ Առաջին հետեւությունը, որ հանգում են վերլուծաբանները, այն է, որ տարիների ընթացքում մեզանում այնպիսի ընտրական մեխանիզմներ, հոգեբանական մթնոլորտ եւ հասարակական պահանջ է ձեւավորվել, որ նորմալ ընտրություններ իրականացնելը պարզապես բացառված է։ Բացակայում է ընտրությունների համար պատասխանատվություն կրող իշխանության քաղաքական կամքը, բացակայում է հանրության, ընտրողի պատվերը եւ բացակայում է ընտրական իրավունքի խախտումների դեմ հասարակական ըմբոստացման գործոնը։ Թեեւ հանրության ուղիղ կեսը գնում է ընտրության եւ ազատորեն իրացնում իր ընտրական իրավունքը, բայց սա պասիվ կեսն է, որը եղանակ չի ստեղծում։ Եղանակ ստեղծողներն ընտրակեղծարարներն են, ընտրակաշառատուներն ու կաշառակերները, որոնք չկաշառվողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ ձեւավորեցին երկրում։ Ճիշտ է՝ ընտրատեղամասերում գրեթե բացառված էին կեղծիքները, բայց «ընտրությունների կազմակերպիչները» հնարը գտան։ Մեծաքանակ ընտրակաշառքին գումարվեցին նաեւ իբրեւ թե օգնության անվան տակ մարդկանց քվեարկությունը վերահսկելը, համատարած բաց քվեարկությունները, վախի մթնոլորտը, ռեյտինգայինների հզորության մասին լեգենդները, ընդդիմությանը վարկաբեկելը, թաղի խուժանի եւ օլիգարխի դեմ անզորության մտայնությունը։ Այս բոլորի հանրագումարում մարդն իր քվեն շպրտեց այն մուրացողներին։

Մեկնաբանություն
X