Երեւանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակը էական փոփոխության չի ենթարկվել

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցեն 3 ուժեր՝ ՀՀԿ-ն, «ԵԼՔ» դաշինքը եւ «Երկիր Ծիրանի» նորաստեղծ կուսակցությունը։ Իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցուցակը 195 հոգանոց է, նախընտրական շտաբի պետը Էդուարդ Շարմազանովն է:

Ովքե՞ր են մնում ՀՀԿ-ի ցուցակում

Երեւանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակը նախորդ ընտրության համեմատ էական փոփոխության չի ենթարկվել։ Այս տարի եւս ցուցակում տեղ են գտել մշակութային դեմքեր, մտավորականներ, մարդիկ, ովքեր հասարակության տարբեր շերտերի մոտ հարգանք ունեն եւ նրանց «խաթր» կարող են ձայն տալ այդ ցուցակին: Հայտնի շախմատիստ Սմբատ Լպուտյանը, ինչպես նախորդ ընտրությանը, այնպես էլ այս տարի, պատվավոր երկրորդ հորիզոնականում է՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետո։ Նախորդ անգամ երրորդ հորիզոնականում հայտնված Հովհաննես Թոքմաջյանը, որն անցյալ տարի նշանակվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, «գահավիժել» է 15-րդ հորիզոնական։Նաիրա Նահապետյանը, Լեւոն Իգիթյանը, Արա Երնջակյանը, Մարտին Վարդազարյանը, Աստղիկ Գեւորգյանը այս տարի եւս ՀՀԿ-ի Երեւանի ավագանու ցուցակում են՝ մի քանի հորիզոնական վերեւ կամ ներքեւ:

Ովքե՞ր այլեւս ավագանու անդամ չեն լինի

Թեեւ Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակը ակնհայտ փոփոխության չի ենթարկվել, այնուամենայնիվ, կան ավագանու անդամներ, որոնց այս տարի չենք տեսնի։ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Կադաստրի պետի տեղակալի պաշտոնից վերջերս ազատված Դավիթ Սեդրակյանը, այս տարի չի մասնակցելու ավագանու ընտրությանը, պատճառը, ըստ մամուլի, այն է, որ Մհեր Սեդրակյանը ընտանիքով պատրաստվում է արտագաղթել։

Դերասան Հրանտ Թոխատյանը կարծես թե անցյալից «դասեր է քաղել», եւ այս տարի չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրությանը։ Նա մեզ հետ զրույցում ասել է, որ չմասնակցելը կապված է իր հաճախակի բացակայության հետ։

Ի, դեպ մենք փորձեցինք Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակում գտնվողներից մի քանիս հետ կապ հաստատել, զրուցել նրանց հետ։ Սակայն նրանցից ոմանք հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Լեւոն Իգիթյանը հրաժարվեց պատասխանել որևեւէ հարցի՝ նշելով, որ դա իր իրավունքն է։ Աննա Ասատրյանը, որը «Երեւան 4» գիտական հոդվածների ժողովածուում հոդված էր հրապարակել ձոնված Տարոն Մարգարյանին, ասաց, որ հարցերին կպատասխանի միայն ապրիլի 21-ից հետո, երբ կմեկնարկի քարոզարշավը։ Մի քանիսին էլ տեղն ու վայրը հարմար չէր խոսելու համար։

Նշենք, որ նախընտրական քարոզչությունն սկսվում է ապրիլի 21-ին, ավարտվում մայիսի 12-ին: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ Երեւանում ընտրողների թիվը 841 հազար 937 է: Ինչպես հայտնի է, 65 անդամից բաղկացած Երեւանի ավագանին պետք է ընտրվի համամասնական ընտրակարգով։ Այսինքն՝ երեւանցիներն ընտրելու են ավագանու անդամներ, իսկ ավագանին՝ իր կազմից Երեւանի քաղաքապետ։

Ընտրական նոր օրենսգրքով փոփոխության է ենթարկվել ընտրությունների անցողիկ շեմը՝ նախկին 7 տոկոսի փոխարեն այժմ 6 է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 9-ի փոխարեն 8 տոկոս։ Եվ օրենքում այնպիսի փոփոխություններ են կատարվել, որ անգամ չնչին ձայներ ստացած ուժը՝ 3 մասնակցի դեպքում, կանցնի ավագանի։ Այսինքն՝ մայիսի 14-ի ընտրություններին մասնակից 3 ուժերն էլ քաղաքապետարանի ավագանու կազմում ներկայացուցիչներ կունենան։

Մեկնաբանություն
X