Հանրապետական ախպերներ

Ընտրություններին հաջորդած թվացյալ հանդարտության ու անտարբերության մեջ, պարզվում է, ոչ բոլորն են խաղաղված ու գոհ։ Մեր էլփոստով ստացված այս բաց նամակը որոշակի խավի կարծիքն է արտահայտում, ուստի որոշեցինք հրապարակել։ Այն ուղղված է «ՀՀԿ առաջնորդին ու Հանրապետական ախպերներին»․ «Մի քանի օր է՝ հետեւում եմ ձեր ուրախությանը ու զարմանում՝ իրո՞ք չեք հասկանում, թե ինչ եք արել, թե՞ հասկանում, բայց ձեւացնում եք, որ ամեն ինչ «օքեյ է»։ Չե՞ք հասկանում, որ էս ընտրություններով իշխանություն չեք ձեւավորել, ժողովրդի քվեն չեք ստացել, այլ ապացուցել եք, որ զավթել եք իշխանությունը։ Դուք չգիտե՞ք, որ էդ առած ձայները ոչինչ չեն նշանակում։ Դրանք ընդամենը ապացուցում են, որ դուք շատ փող ունեք եւ ուժ։ Ես համոզված եմ, որ դուք ամենալավը գիտեք ձեր իրական ռեյտինգը։ Գիտեք, թե էս ժողովուրդը ոնց է երազում ձեր խորտակվելը։ Ճիշտ է՝ փողը վերցնում ու ձեզ է ձայն տալիս, բայց դա նրանից չէ, որ ուզում է երկարացնել ձեր իշխանությունը, այլ որովհետեւ էսօր իրեն ուժեղ չի զգում, վստահ չի զգում։ Որ օրը հասկացավ, որ ինքն ուժեղ է, ինքնավստահություն ձեռք բերեց, տապալելու է ձեզ։ Դուք չգիտե՞ք, որ ժողովրդին շատ սեղմել չի կարելի։ Նույնիսկ Ստալինը ու Սովետական Միությունը չկարողացան շատ սեղմել, երկար պահել։ Մի օր էդ կուտակված ատելությունը դուրս է թափվելու ու քշելու-տանելու է ամեն ինչ։ Հաջորդ Սասնա ծռերն ավելի ուժեղ են լինելու։ Դրա դեմ ո՞նց եք պայքարելու։ Հանրապետական ախպերներ, ինձ թվում էր՝ դուք ավելի խելոք եք, քան երեւում է։ Ինձ թվում էր՝ մի քիչ պակաս ձայն կտանեիք, որ հետո էդ 58 տոկոսը ձեր գլխին չկոտրվի։ Պարզվեց՝ սխալվել եմ, իշխանությունը «խփել ա» ձեր գլխին, ու դուք կորցրել եք իրականության զգացումը։ Աստված բարին անի»։

Մեկնաբանություն
X