Ես կարողանում եմ լեզվով դիպչել քթիս. Գերմանիայի եվրատեսիլյան մասնակիցը «զարմացրեց» հայ երկրպագուներին (ֆոտո, վիդեո)

>

«Նա մի երկրից է, որտեղ հայերի մասին առաջին անգամ լսելուց մտածում են ոչ թե Քիմ Քարդաշյանի, այլ Հենրիխ Մխիթարյանի մասին»: Եվրատեսիլի հայաստանյան երկրպագուներին այսպես ներկայացրին Գերմանիան այս տարի «Եվրատեսիլ 2017»- ում ներկայացնող Լևինային, The LOFT-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ գերմանուհին Երեւան է ժամանել իր պաշտոնական պրոմո արշավի շրջանակներում, իսկ հայաստանյան երկրպագուների հանդիպումը կազմակերպվել է OGAE Armenia-ի կողմից (Հայաստանում Եվրատեսիլի պաշտոնական ֆան ակումբ)՝ The LOFT-ի հետ համատեղ:

Հանդիպման ընթացքում Լևինան նշեց, որ լսել է Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի երգը և հավանել է այն, այնուհետև խոսեց իր՝ Հայաստան կատարած այցից և նշեց, որ ընդունելությունը շատ հրաշալի է, և ինքը շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար:

Անդրադառնալով երաժշտական կարիերային՝ երգչուհին ասաց, որ ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ ինքը եղել է շատ փոքր. «Ամեն ինչ սկսվեց, երբ ես 6 տարեկան էի և երգում էի պարտեզներում: Ես պարզապես սիրահարված եմ երաժշտությանը»: Հարցին, թե ինչո՞ւ Լևինա, դա իր իրակա՞ն անունն է, գերմանուհին պատասխանեց. «Իմ ամբողջական անունը Իզաբելա Լյուին է, Լևինան իմ 2-րդ անունն է»:

Կազմակերպիչների կողմից հնչեցված հարցերից հետո հերթը եվրատեսիլյան երկրպագուներինն էր: Վերջիններս հետաքրքրվեցին՝ Լևինան փորձե՞լ է արդյոք հայկական կոնյակ. «Ցավոք սրտի դեռ բախտ չեմ ունեցել փորձելու հայկական կոնյակ, բայց շատ եմ լսել դրա մասին և հույս ունեմ, որ հաջորդ օրերի ընթացքում հնարավորություն կունենամ փորձելու»: Հաջորդ հարցին՝ Գերմանիայում հայ ընկերներ ունի՞, նշեց. «Ես Լոնդոնում ունեմ հայ շատ լավ ընկեր, որը շատ հուզված էր և ուրախ, որ ես Հայաստան եմ եկել»:

Խոսելով օրեր առաջ Արծվիկի կողմից Լևինային ուղղված մարտահրավերի մասին (որի ժամանակ Արծվիկը կատարեց գերմանական ազգային երգ, իսկ Լևինան դրան ի պատասխան՝ հայկական ազգային երգ), երգչուհին նշեց, որ իր համար շատ զարմանալի և միևնույն ժամանակ շատ հաճելի էր այլ մշակույթ կրողի կողմից նման մարտահրավեր ստանալը և ընդունելը. «Իմ համար բավական դժվար էր կատարել հայկական այդ երգը, քանի որ հայկական երգում կան նոտաներ, որոնք շատ-շատ դժվար է կատարելը, բայց շատ հաճելի էր ինձ համար»:

«Եվրատեսիլ 2017» մրցույթում ո՞ր երկրի երգն է ձեր ֆավորիտը հարցին ի պատասխան՝ նշեց, որ այս տարի շատ լավ երգեր կան տարբեր ժանրերում. «Շատ հրաշալի երգեր կան տարբեր ժանրերում, հրաշալի բալլադներ, օրինակ՝ Հայաստանի, Բելգիայի և Շվեյցարիայի երգերը և իհարկե իմ երգը՝ « Perfect Life»-ը»: Մեկ այլ հարց էլ հնչեց այն մասին, թե ինչո՞վ է Լևինան պատրաստվում այս պահին զարմացնել ներկաներին: Երգչուհին ի պատասխան նշեց կատակով. «Ես կարող եմ լեզվով դիպչել քթիս»,- և կատարեց այդ «հնարքը»:

Այնուհետև եվրատեսիլյան հայաստանյան երկրպագուները հնարավորություն ունեցան կենդանի կատարմամբ լսելու Գերմանիայի այս տարվա եվրատեսիլյան երգը՝ « Perfect Life »-ը: Իսկ հանդիպման ավարտին երգչուհին ինքնագրեր բաժանեց ներկաներին, լուսանկարվեց նրանց հետ և կատարեց Կոմիտասի «Կաքավիկ» երգից մի հատված:

Վով Մուշեղյան

Մանրամասները՝ տեսանյութում.

Մեկնաբանություն
X