Արման Սահակյանը «տոռմուզ» որոշումներով կոտրեց վարչապետի դրայվը

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հանգիստ տոնը, որով նա կառավարության նիստի ժամանակ խոսում էր այս կամ այն պայթած ձեռնարկության շենք –շինությունների օտարման, կամ վերանորոգման մասին, կամ դրանց վերանորոգման համար փողեր էր ուզում, նյարդայնացնում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, և նա նիստի ընթացքում կծու արտահայտություններ ու ռեպլիկներ էր անում Արման Սահակյանի կողմը: Օրինակ, մի անգամ ասաց, որ նա ալարում է խոսել, մի անգամ էլ, երբ շատ ակտիվ էր խոսում, ասաց՝ ձեր աջն ու ձախը շատ ակտիվ են, ի՞նչ է պատահել:

Կարեն Կարապետյանի հետ Գալուստ Գրիգորիչի որդու հարաբերությունները, կարծես, ավելի հարթ էին, բայց այսօր Կարապետյանն էլ սկսեց նյարդայնանալ Արման Սահակյանի օլիմպիական հանդարտությունից: Քննարկում էին պետգույքի 2006-2007 թվականների մասնավորաեցման ծրագրի հաշվետվությունը, որը իրականացվել է 2016 թվականին: Կարեն Կարապետյանը չհասկացավ, թե այս ծրագրից «տակը ինչ է մնացել», և Արման Սահակյանը բոլորովին այլ բան պատասխանեց՝ որ հիմա նրա հանձնարարականով նոր ծրագիրն է շրջանառության մեջ դրվել, 2017-2020 թվականների ծրագիրը, որում 42 ձեռնարկություն էր մնացել: Վերջապես հարց ու պատասխանի մեթոդով վարչապետը հասկացավ, որ 2006-2007 թվականների մասնավորեցման ծրագիրն ավարտվել է, և աշխույժ ու անհամբեր երեխայի նման նոր հարց տվեց. «Հիմա եթե մենք ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք, լավ կոմերցիոն գործակալություն ենք ստեղծում, ե՞րբ ենք մենք էդ ռեֆորմը ձեզնից լսում»:

Բայց Արման Սահակյանին վարչապետի ագրեսիան չվարակեց. «Անկեղծ ասած, դրանք նաև որոշակի օրենսդրական փոփոխությունների հետ են կապված: Մեկ ամսվա ընթացքում՝ կարծում եմ կլինի»: Վարչապետը հանձնարարեց մաքրել ու գույքագրել ամեն ինչ: Փոխանակ Վարդան Արամյանի պես, կայտառ շուտասելուկի նման պատմեր, թե ինչ մեծ աշխատանք է ինքը անում, ինչ արագ է անում ու ինչ լավ կլինի վերջում, Արման Սահակյանն անցավ մեկ այլ «տոռմուզ» ծրագրի՝ ինչ-որ «Արաքս» ընկերություն հիշեց, որը պետք է մասնավորեցնել;

Վարչապետը իր սիրելի հարցուփորձի մեթոդով գլխի ընկավ, որ այս «Արաքս» կոչվածը 2000 թվականից չի աշխատել, հիմա էլ չի աշխատում, ունի 6 աշխատող ու հայտնի չի, ինչ է անում: «Էս պահին ոչնչով չի զբաղվում»,- պատասխանեց Արման Սահակյանը վարչապետի հարցին: «Ինչո՞վ ա զբաղվել»,- հարցրեց Կարեն Կարապետյանը: Արման Սահակյանը չգիտեր: «Իսկ ինչքա՞ն ժամանակ ա, որ ոչնչով չի զբաղվում»,- նորից հարցրեց վարչապետը՝ արդեն ոչ այնքան ուրախ ձայնով: «Սա ներառված ա եղել 2015 թվականի ծրագրերում, բայց բազմաթիվ անգամներ կատարվել են չափագրումներ, եղել են անճշտություններ, մենք նոր հասցրել ենք իրա տրամաբանական ավարտին»,- պատասխանեց Արման Սահակյանը: «Տեսեք, պարոն Սահակյան, ես ինչ եմ ուզում: Ձեր տեղեկանքի մեջ գրված է հետևյալը՝ գործունեություն չի ծավալում 2000 թվականից: 2017 թվականին մենք նոր որոշում ենք օտարենք, և դեռ ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ ենք անում: Ինչո՞ւ ենք այսքան տարի, 17 տարի սպասել»- վարչապետի ագրեսիայից Արման Սահակյանը չկորցրեց իր օլիմպիական հանդարտությունը և ոչինչ չպատասխանեց, համենայն դեպս, բարձրաձայն: Միևնուն է, ոչ ոք չի կարող լուրջ նեղություն տալ Գալուստ Գրիգորիչի տղային: Մեկն էլ էր փորձում, և ո՞ւր է նա հիմա:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X