Ապացույցները բավարար են

Ընտրությունների վերաբերյալ մեր բոլոր հրապարակումների հետ կապված՝ մենք ոստիկանության տարբեր բաժանմունքներից գրություններ ենք ստացել, թե՝ տրամադրեք ապացույցներ ձեր այսինչ հրապարակման կապակցությամբ, քանի որ մեզ մոտ նյութեր են նախապատրաստվում, ուզում ենք բացահայտել ընտրահանցագործներին, ձեր աջակցության կարիքն ունենք։ Կապ չունի, որ երբեմն այդ հրապարակումներում հստակ նշված են խախտումը հայտնաբերած անձի անուն-ազգանունը, պաշտոնը, ուստիեւ դժվար չէ գտնել նրանց եւ փորձել գնալ հաղորդումների հետքերով։ Պարզ է, որ այս ձեւական գրությունները եւ մեր պատասխանները հարկավոր են «նյութերին» կցելու համար, որ հետագայում հիմք ունենան գործերը փակելու՝ «չկա հանցակազմ, փաստերը չեն հաստատվում» հիմքով։ Հակառակ պարագայում Դանիել Իոաննիսյանի ներկայացրած ձայնագրություններն այդ տնօրենների նկատմամբ գործեր հարուցելու միանգամայն բավարար հիմք կդիտվեին։ Ինչպես քրեական գործ հարուցելու լավագույն հիմք կարող էր հանդիսանալ երեկ Յութուբում հայտնված «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը, որտեղ մանրակրկիտ երեւում է ընտրական հանցագործության մեխանիկան եւ միանգամայն բավարար է քրեական գործ հարուցելու ու ընտրական բռնություն կիրառողներին, ընտրակաշառք բաժանողներին, հակաօրինական գործողություններ կատարողներին պատժելու համար։ Բայց դրա համար հարկավոր է, որ ոստիկանությունը բավարար համարձակություն ունենա, իշխանությունն էլ՝ Արտակ Սարգսյանին ու նրա թիմին պատժելու կամք։ Մինչդեռ մեզանում համարձակ ու ինքնավստահ են ոչ թե ազնիվ քաղաքացիներն ու իրավապահները, այլ հանցագործություն կատարած անձինք։ Անամոթությունն այն աստիճանի է հասել, որ այդ նույն տնօրեններից 30-ը մտել են դատարան՝ Դանիելին պատժելու եւ փոխհատուցում ստանալու պահանջով։

Մեկնաբանություն
X