Ճեղքենք շղթան

Առնվազն ծիծաղելի է լսել, թե ինչպես է լրագրողը Հանրապետականից պատգամավոր դարձած մի անձի հարցնում՝ Ձեր կարծիքով, Արտակ Սարգսյանը չպե՞տք է պատժվի։ Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ այս ընտրություններում Հանրապետականի բոլոր թեկնածուներն օգտվել են «ՍԱՍ գրուպի» մեթոդներից եւ, մեկը՝ մի քիչ ավել, մյուսը՝ մի քիչ պակաս, հանցավոր մեխանիզմների գործադրմամբ են անցել խորհրդարան։ Հասկանալի է, որ Արտակ Սարգսյանի «բախտը չի բերել», եւ նա է այսօր հայտնվել «զոհասեղանին»։ Այնպես, ինչպես չբերեց 114 տնօրենների բախտը, չնայած մյուս բոլոր կրթօջախների տնօրեններն էլ այս կամ այն չափով, այս կամ այն ձեւով մասնակցել են ՀՀԿ-ի վերարտադրությանը։ Նույնկերպ պետք չէ մեծ տարբերություն դնել ընտրակաշառք տվողի եւ ճնշումներ գործադրողի ու ընտրակաշառքը վերցնողի-ճնշումներին տեղի տվողի միջեւ։ Եթե անգամ օրենքի ու պատժի տեսանկյունից «կողմերի» պատասխանատվությունը տարբեր է, ապա քաղաքական ու բարոյական պատասխանատվության տեսանկյունից շատ չի տարբերվում։ Ասում են՝ իշխանությունն է այդպիսին դարձրել ընտրողին, նա մեղավոր չէ։ Այնպես, ինչպես երեկ համացանցում կարծիքներ էին հնչում, թե մեծ-մեծ մի խոսեք, եթե «ՍԱՍ գրուպի» աշխատակիցները, ասենք, աշխատանքից դուրս գային, դուք նրանց աշխատանքով ապահովելո՞ւ էիք։ Բայց հասարակությունը հենց այդպես է հասարակություն դառնում, երբ մի շարքային աշխատակից, հանձնաժողովի մի անհայտ անդամ, դպրոցի մի տնօրեն հանցավոր հրաման տվողին ասում է՝ չեմ անում, ապա դիմում է գրում եւ դուրս գալիս աշխատանքից՝ դիմակայելով իշխանական մամլիչին։ Հակառակ պարագայում հասարակությունը հայտնվում է արատավոր շրջանի մեջ, եւ առանձին անհատների չդիմադրելը մեծացնում է իշխանության ախորժակն ու ավելի անպատժելի դարձնում նրան։

Մեկնաբանություն
X