200 տարվա ընդմիջումից հետո

Քրիստոնյա աշխարհի համար Սուրբ Ծննդյան տոնից հետո երկրորդ մեծագույն տոնը Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է:

Սուրբ Ծննդյան տոնին հավատացյալ քրիստոնյաների հայացքն ուղղվում է Բեթղեհեմին, Սբ. Հարության տոնին հայացքներն ուղղվում են Հին Երուսաղեմին, որտեղ, համաձայն քրիստոնեական հավատքի, Հիսուս Քրիստոսն ապրել է իր երկնային կյանքի վերջին օրերը, խաչելությամբ կնքել է մահկանացուն, ապա հարություն է առել մեռյալներից: Գերեզմանը, որից հարություն է առել Հիսուս Քրիստոսը, քրիստոնյա աշխարհի ամենամեծ սրբությունն է:

Այս տարի Սուրբ Հարության տոնն առանձնակի մի հանգամանք ունի՝ երկու հարյուր տարում առաջին անգամ վերանորոգվել է այդ սրբության սրբոցը՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը: Աշխարհում միայն Հայաստանյայց առաքելական եկեղեցին, ի դեմս Երուսաղեմի հայոց պատրիարքության եւ Սրբոց Յակոբեանց Միաբանության, Հույն ուղղափառ եկեղեցին, ի դեմս Երուսաղեմի հունաց պատրիարքության, եւ Կաթոլիկ եկեղեցին, ի դեմս Ֆրանչեսկյան Ուխտի, իրավունքներ ունեն Քրիստոսի գերեզմանի եւ Սուրբ երկրում մյուս Տերունական Սրբավայրերի հանդեպ:

Հայության այդ բացառիկ դիրքը քրիստոնյա աշխարհում ուղղակի թելադրում էր, որ Սբ. Հարության տոնին ընդառաջ Երուսաղեմի մեր պատրիարքությունից մի հարցազրույց խնդրենք, անդրադառնալով Սուրբ Հարության տաճարում գտնվող Քրիստոսի գերեզմանի նորոգման մանրամասներին: Մեր հարցերին պատասխանել է Պատրիարքության դիվանապետ եւ միջեկեղեցական հարաբերությունների վարիչ, Հոգեշնորհ տեր Կորյուն Վրդ․ Բաղդասարյանը։ Նա, ի դեպ, ծնվել է Հայաստանում եւ Ժառանգավորաց վարժարանի սան դառնալուց հետո այլեւս գործունեությունը շարունակել է Երուսաղեմում:

- Հայր Սուրբ, այս տարի Սուրբ Հարության տոնակատարությունը Հին Երուսաղեմի Հարության տաճարում շահեկան մի հանգամանք ունի՝ 200 տարում առաջին անգամ նորոգվել է Տիրոջ գերեզմանը: Ի՞նչ խոչընդոտներ էին եղել նախկինում, որ երկու հարյուրամյակից ավելի վերանորոգում չէր կատարվել:

  • 1852 թ. սուլթան Աբդուլ Մեճիդի կողմից Ս. Երկրում հռչակուեց Ստատուս Քուոն, ըստ որի բոլոր այն սրբավայրերում, որոնց սեփականատիրութիւնը կիսում են երեք իրաւատէր եկեղեցիները (Հայ Եկեղեցին, Յոյն Ուղղափառ Եկեղեցին եւ Կաթոլիկ Եկեղեցին), վերանորոգման աշխատանքները պիտի կատարուեն երեք իրաւատէր եկեղեցիների համաձայնութեամբ եւ վճարմամբ:

Վերանորոգութիւն կատարելու հիմնական խոչընդոտը երեք իրաուատէր եկեղեցիների շահերի բախումն է:

- Սուրբ երկրի Տերունական սրբավայրերի իրավատերերը՝ Երուսաղեմի Հայոց, Հունաց եւ Լատին պատրիարքությունները (Ֆրանչեսկյան Միաբանությունը), ե՞րբ էին սկսել Սուրբ Հարության տաճարում նորոգումներ կատարելու հարցը քննարկել, եւ որքա՞ն տեւեց, մինչեւ համաձայնության հանգեցին: Տիրոջ գերեզմանի նորոգման աշխատանքները որքա՞ն տեւեցին եւ ի՞նչ մասնագետներ ներգրավվեցին:

  • Սբ. Գերեզմանի նորոգման աշխատանքների վերաբերեալ իրաւատէր եկեղեցիները քննարկումը սկսել էին 2014 թ.: 2016 թ. մարտի 22-ին երեք Հոգեւոր Պետերը ստորագրեցին նորոգութեան համաձայնագիրը: Նորոգութեան աշխատանքները սկսուեցին 2016 թ. մայիսին եւ աւարտուեցին 2017 թ. մարտի 22-ին: Նոյն օրը տեղի ունեցաւ Սբ. Գերեզմանի հանդիսաւոր վերաբացումը:

Նորոգութեան աշխատանքները իրականացրել են Աթէնքի Ազգային Տեխնիկական Համալսարանը եւ Սբ. Յարութեան Տաճարի Տեխնիկական Բիւրոն: Սբ. Յարութեան Տաճարի Տեխնիկական Բիւրոն ունի հայ, հոյն եւ կաթոլիկ ճարտարապետներ, ովքեր հիմնականում կատարեցին նորոգութեան աշխատանքների վերահսկողութիւնը:

- Փառք Բարձրյալին, Երուսաղեմի քրիստոնեական միաբանությունները, այդ թվում՝ Հայոց Սրբոց Յակոբեանց Ուխտը, միանգամայն հարուստ են եւ կարող էին հոգալ Քրիստոսի գերեզմանի նորոգման ծախսերը: Այդուհանդերձ, ես կարդացել եմ, որ Հորդանանի արքայի կողմից է նվիրատվություն եղել, UNESCO-ի մի հիմնադրամ է գումար հատկացրել: Այդ մասին ի՞նչ կասեք, կա՞ն այլ նվիրատուներ, որոնց կցանկանաք հիշատակել:

  • Ըստ Ստատուս Քուոյի, ինչպէս նաեւ ըստ ստորագրուած համաձայնագրի՝ նորոգութեան ծախսերը պիտի վճարուեն իրաւատէր երեք եկեղեցիների կողմից՝ իւրաքանչիւր եկեղեցի պիտի վճարի ամբողջ ծախսի մէկ երրորդը: Նորոգութեան ընթացքում նուիրատութիւն անելու ցանկութիւն յայտնեցին թէ անհատներ եւ թէ հաստատութիւններ: Նրանցից էին Յորդանանի թագաւորը, Պաղեստինի նախագահը, UNESCO-ի հիմնադրամը:
    Սբ. Գերեզմանի նորոգութեան Հայոց եկեղեցու բաժինը վճարելու պատրաստակամութիւն էր յայտնել նաեւ ՀՀ Նախագահ տիար Սերժ Սարգսեանը: Նշեմ սակայն, որ Հայ Եկեղեցու բաժինը վճարուեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կողմից:

- Տիրոջ գերեզմանի նորոգումը, երեւի, 20-21-րդ դարերում Տերունական սրբավայրերին առնչվող ամենանշանակալից իրադարձությունն էր, եւ ինձ շատ պատշաճ ու վայել թվաց, որ նորոգման ավարտի հանդիսությանը ժամանել էր Հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարքը՝ Բարդուղիմեոս I-ը: Ձեր իմացությամբ՝ Գարեգին II Վեհափառն ինչո՞ւ չէր ժամանել: Հայոց կաթողիկոսի՝լոկ ուղերձով դիմելն ի՞նչ պատճառ կամ բացատրություն ուներ:

  • Տիեզերական պատրիարք Բարդուղիմէոս I-ի այցի մասին Յունաց Պատրիարքարանը մեզ տեղեկացրեց բացման արարողութիւնից մի քանի օր առաջ: Լուրը ստանալուց անմիջապէս յետոյ Պատրիարք Սրբազանը հեռախօսազրոյց ունեցաւ Վեհափառ Հայրապետի հետ եւ հրաուիրեց մասնակցելու բացման արարողութեան: Վեհափառ Հայրապետը նախապէս արդէն ծրագրած հայրապետական ճամբորդութիւն ունէր, այդ իսկ պատճառով արարողութեան մասնակցելու համար Երուսաղէմ եկաւ իր ներկայացուցիչ Գերշ. Տ. Նաթան Արք. Յովհաննիսեանը, ով արարողութեան ընթացքում ներկաներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի ուղերձը:

- Սուրբ Հարության տաճարում մատուցվող արարողությանը ներկա էին նաեւ Հունաստանի վարչապետը եւ Հայաստանի ԱԳ նախարարը: Կիլիկյան թագավորության անկումից ի վեր երեւի առաջին անգամ էր, որ Տերունական սրբավայրերի հանդեպ հոգատարություն եւ իրավատիրություն նշանավորող նման բացառիկ արարողության մասնակցում էր հայկական պետության պաշտոնյա: Պրն. Նալբանդյանի ներկայությունն ի՞նչ նշանակություն ուներ:

  • Այո, Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը միշտ վայելել է Հայոց թագաւորների եւ Կիլիկեան թագաւորութեան հովանաւորութիւնը, որոնք նպաստել են Հայ Եկեղեցու իրաւունքների պաշտպանմանը սրբավայրերում եւ Սբ. Երկրում հայերի ներկայութեան ծաղմանն ու ընդլայնմանը:

Սբ. Գերեզմանի բացման արարողութեանը տիար Նալբանդեանի մասնակցութիւնը վկայութիւն էր այն մասին, որ հայրենի մեր անկախ պետութիւնը պատրաստ է սատարելու Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեանը՝ իր առաքելութեան իրականացման գործին, ինչպէս նաեւ իր նպաստը բերելու Տէրունական սրբավայրերի հոգատարութեանը: Սբ. Գերեզմանի Հայ Եկեղեցու բաժին ծախսը վճարելու հայրենի պետութեան պատրաստակամութիւնը ինքնին փաստ է վերը ասուածի:

- Ես Երուսաղեմում եղել եմ 2011-ին եւ հրաշալի հիշում եմ Սուրբ Հարության տաճարը: Այդտեղ, ներսում, իրոք, շատ հատվածներ կային, որ կարոտ էին նորոգման, բայցեւ Սուրբ Հարության տաճարում այնպիսի բացառիկ, Աստծո ներկայություն ճառագող աուրա է իշխում, որ առաջին մտահոգություն է դառնում այդ աուրայի չխաթարվելը: Հետեւաբար, նախ՝ նորոգումից հետո տաճարում աուրան նո՞ւյնն է, եւ ապա՝ արդյո՞ք տաճարի այլ հատվածներ նորոգելու մտքեր կան:

  • Նորոգութիւնից յետոյ, Գերեզմանը աւելի ամուր է եւ ապահով այցելուների համար: Գերեզմանի արտաքին սալիկները մաքրուել են 200 տարուայ մրից եւ այժմ այն աւելի մաքուր է եւ գեղեցիկ: Նորգութեան աւարտին հեռացուել են նաեւ 1947 թ. Բրիտանական Մանդատի կողմից տեղադրուած երկաթէ ամրակներ: Արդիւնքում այժմ Սբ. Գերեզմանը ներկայանում է իր նախնական տեսքով:

Ապագայում ծրագիր կայ նորոգելու Սբ. Յարութեան Տաճարի յատակը, որը շատ անմխիթար վիճակում է:

- Շնորհակալություն հարցազրույցի համար, Հայր Սուրբ։ Եվ քանի որ մեր այս հարցազրույցը կայանում է Սուրբ Հարության տոնի նախօրեին, թերեւս այն ավարտենք հայությանը, քրիստոնյա հավատացյալներին եւ աշխարհին ուղղված Ձեր մաղթանքով:

  • Սբ. Յարութեան տօնի առթիւ շնորհաւորում եմ հայ ժողովրդին եւ մաղթում Տիրոջ օրհնութիւնն ու հովանաւորութիւնը մեր ազգի համար, իւրաքանչիւր հայ ընտանիքի համար: Համայն աշխարհին մաղթում եմ խաղաղութիւն, քրիստոնեա հաւատացեալներին եւ քույր եկեղեցիներին՝ շէնութիւն:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X