Ամենանշանակալիցը Վատիկանում էր, երբ պատարագ էինք երգում Հռոմի պապի հետ․ Մելինե Գալոյան

>

Մելինե Գալոյանը սկսել է երգել ութ տարեկանից, Գյումրիից է։ Ասում է՝ երաժշտական ընտանիքում եմ ծնվել, մեծացել, հորաքույրները երաժիշտներ են, պապը նույնպես եղել է երաժիշտ, քույրը՝ Մանեն, ապրում է ԱՄՆ-ում, օպերային երգչուհի է։

19-ամյա Մելինեն իր առաջին քայլերն արել է երաժշտական դպրոցի վոկալ բաժնում, Երազիկ Հարությունյանի դասարանում, հիմա սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երկրորդ կուրսում, ջազի եւ վոկալի բաժնում։ Թեեւ հայրը ցանկանում էր, որ ինքը նկարչուհի դառնա, սակայն Մելինեն ընտրում է երգարվեստը։
Մելինեն մասնակցել է «Վերածնունդ» միջազգային փառատոնին, արժանացել կրկնակի ոսկե մեդալի։ Այժմ նա երգում է Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած «Տիրամայր Հայաստան» երգչախմբում, որի հետ նա շրջագայել է տարբեր երկրներում։

«Ամենանշանակալիցը Վատիկանում էր, երբ պատարագ էինք երգում Հռոմի պապի հետ միասին, ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը։ Նույն պատարագը երգեցինք Գյումրիում, երբ եկել էր Հռոմի պապը։ Ինձ համար դա մի անհավատալի իրադարձություն էր»,- հիշում է Մելինեն։

Մելինեն կարծում է, որ միայն երգելով չէ, երաժիշտը, երգիչը պետք է լինեն գրագետ։
«Ձայնային տվյալներ պետք է ունենալ, դրանք պետք է մշակվեն, բայց պետք է լինել գրագետ։ Տաղանդը պետք է մեկտեղվի մարդկային լավ որակների հետ, որպեսզի կարողանաս երաժշտության ասպարեզում հասնել հաջողության։ Անընդհատ պետք աշխատես քեզ վրա, իսկ հմայքը, գեղեցկությունը գործի կեսն են»,- ասում է Մելինեն։
Հետո Մելինեն որոշել է մասնակցել «Հայաստանի ձայնը» նախագծին, եղել է Հայկոյի թիմից։

«Ես փորձ չունեի, այնտեղ կային փորձառու երգչուհիներ։ Փորձերի ժամանակ միշտ վերջում էի երգում, ոչ մեկն իմ մեջ չէր տեսնում մրցակից։ Ստացվեց այնպես, որ ամեն փուլում ես անցնում էի։ Առաջին գալա-համերգի ժամանակ քվեարկությամբ ես ստացել էի ամենաշատ ձայները՝ Գյումրիի շնորհիվ»,- պատմում է Մելինե Գալոյանը։ Իսկ «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելը մեծ փորձ է եղել իր կյանքում, որից հետո մասնակցել է տարբեր համերգների։ Մելինեն ասում է, որ ինքը չի երգի 6/8, քանի որ Հայաստանում 6/8-ը համարվում է ռաբիս երաժշտություն։ «Վատ եմ վերաբերվում, ինքս երբեք փողի համար չէի երգի։ Չի կպչում սրտիս, որքան էլ այն պահանջված լինի»,- ասում է մեր զրուցակիցը։

Մելինեին ոգեւորում է Հայաստանում ռոքասերների առատությունը։ Նա դրանում համոզվել է, երբ երկու տարի առաջ տեսել է, թե որքան շատ մարդ էր ներկայացել Հայաստան ժամանած Սերժ Թանկյանի «System of Down» խմբի համերգին։
Ապագա նախագծերի մասին խոսելիս՝ Մելինեն ասում է, որ ինքն ունի նոր երգ, որի երաժշտության հեղինակը Հայկոն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը։ Ըստ նրա՝ մոտակա ժամանակներում նախատեսում է նկարահանել տեսահոլովակ։

Լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի։

Մեկնաբանություն
X