Նմանություն եւ տարբերություն

Մինչ մենք կառավարման համակարգ ենք փոխում՝ նախագահականից անցնելով պառլամենտականի, ապրիլի 16-ի հանրաքվեով մեր հարեւան Թուրքիան հակառակն արեց՝ պառլամենտականից անցնելով ուժեղ նախագահական համակարգի։ Վերլուծաբաններն այս օրերին տխուր հեռանկար են կանխորոշում Թուրքական պետության համար։ Թուրքիայի առաջ փակվեցին Եվրամիության դռները, Էրդողանն անսահմանափակ իշխանություն է ստանում, ընդդիմությանը դժվար ժամանակներ են սպասվում, ասում են նրանք։ Մեզ համար, անշուշտ, որքան էլ միջպետական հարաբերությունների բացակայությանը, ցանկալի է կանխատեսելի, դեմոկրատական, Եվրոպայի մաս կազմող Թուրքիա։ Եվ էրդողանյան ծրագրի հաղթանակը ոչ մի լավ բան չի խոստանում մեզ համար։ Բայց հանրաքվեի արդյունքներն ուսումնասիրելիս էլ դժվար է չնկատել, որ Սահմանադրությունն անցել է չնչին առավելությամբ՝ «այո» է ասել ընտրողների ընդամենը 51,41 տոկոսը, իսկ «ոչ»՝ 48,59 տոկոսը։ Ընդ որում, եվրոպական հատվածը հիմնականում «ոչ» է ասել արեւելյան մոդելի պետությանը։ Սակայն այս թվերը մեկ այլ բանի մասին էլ են վկայում՝ ավանդական մենթալիտետ ունեցող, մեր գիտակցության մեջ ասիական ու ոչ առաջադեմ այս երկրում, որի կերպարը մեզանում ասոցացվում է ցեղասպանության ու վանդալիզմի հետ, պարզվում է՝ հանրաքվեի արդյունքները չեն կեղծում։ Հակառակ պարագայում նախագահական հանրաքվեն կանցկացնեին ոչ թե 51 տոկոսով, այլ, ինչպես մեզանում արեցին, 63 տոկոսով, երբ բնակչության մի հսկա հատված «ոչ» էր ասում, իսկ հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո պարզվեց, որ «ոչ» ասողներն ընդամենը 32 տոկոս են։ Արդյունքը, անշուշտ, նույնն է՝ երկու դեպքում էլ իշխանության ներկայացրած Սահմանադրությունը կյանքի է կոչվելու, բայց սատանան, ինչպես ասում են, մանրուքների մեջ է։

Մեկնաբանություն
X