Զատկական Պատարագին կային բացակա պաշտոնյաներ

>

Սուրբ Հարության կաթողիկոսական Պատարագը, որքան էլ որ կրոնական արարողություն է, սակայն հաշվի առնելով մի կողմից տոնի բացառիկ նշանակությունը, մյուս կողմից Հայաստանի ղեկավարության, գոնե ներկայացուցչական-արարողակարգային ընդգծված կարեւորությունը, որը տրվում է տոնին, այն դառնում է նաեւ որոշակիորեն վերլուծական մտքի, քաղաքագետների ուշադրությանն արժանի եւ քննարկման թեմա: Այս տարին բացառություն չէ, սակայն մի շարք ուշագրավ պահեր, այնուհանդերձ գրավեցին նաեւ լրագրողների ուշադրությունը:

Նախ, ամեն տարվա պես պետական բարձրագույն ղեկավարությունն այս տարի լրիվ կազմով ներկա չէր: Հայաստանի ղեկավարությունից ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ պատարագին չէր մասնակցում ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ներկա չէր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալվանդյանը եւ ուրիշներ: Զարմանալի էր, սակայն, ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանի կողքին հարմարավետորեն տեղավորվել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, մինչդեռ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը տեղավորվել էր մեկ շարք հետո, որտեղ սովորաբոր տեղավորում են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Ուշագրավ էր նաեւ Գարեգին Բ-ի Զատկական ուղերձը, որտեղ առաջին անգամ իր գահակալության մոտ քսան տարիների ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը փորձել էր վախվորած կերպով իրերն իրենց անուններով կոչել եւ խոսել երկրում տիրող աղքատության, գործազրկության, սոցիալական խնդիրների եւ այլ մարտահրավերների եւ խնդիրների մասին, որոնք ծառացած են այսօրվա Հայաստանի եւ հայ հասարակության առաջ:

Մեկնաբանություն
X