Կանաչ ծուղակ

Հազիվ մի անգամ ուրախացել էինք, որ իշխանությունն անհանդուրժող է ծառահատման նկատմամբ՝ թաղապետի, քաղաքապետի, երկրի նախագահի մակարդակով դատապարտվեց Դավթաշենում կատարվածը, եւ ապօրինություն անողը կալանավորվեց, պարզվում է, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որքան ներկայացնում են։ Հայտնի է դարձել, որ օրինախախտը՝ Ալեքսան Սամսոնյանը, ոչ թե 23 բարդու սպանդ է արել, այլ ընդամենը էտել է ծառերը։ Նախկինում էլ է էտել, եւ անգամ ասում են, որ դրանք բարեհաջող ծաղկել են հետագայում, բայց այս անգամ նույն գործողությունն անհետեւանք չի մնացել՝ արձագանքը կոշտ էր ու անսպասելի։ Ե՞րբ էին մեզանում ծառ հատողի ձեռքը բռնել, որ հենց իրեն բռնեին, մանավանդ, հարուցված մեղադրանքը՝ Քրօրենսգրքի 296-րդ հոդվածով, այն է՝ ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է ընդամենը տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Ինչը նշանակում է, որ նման դեպքերում կալանք, որպես կանոն, չի կիրառվում։ Բայց այս պարագայում աղմուկը մեծ է, ինքը՝ Սերժ Սարգսյանն է արտահայտվել դեպքի կապակցությամբ, եւ իրավապահները, ինչպես ասում են, գերազանցել են իրենք իրենց։ Իսկ օրինախախտը, ասում են, հեկտարներով այգի է գցել քաղաքի մերձակայքում, օրինավոր բիզնեսմեն է, նորմալ քաղաքացի, եւ մտադրությունն էլ հանցավոր չի եղել։ Մարդը «ծուղակն» է ընկել, երբ տարիներ շարունակ աչք են փակել ծառահատումների վրա եւ թույլ տվել, որ Երեւանի կանաչ տարածքը կատաստրոֆիկ նվազի, ծառ հատելն այլեւս դադարել է հանցանք համարվելուց։ Ու ցանկացած անձ որոշել է՝ իր արեւը փակող, իր օբյեկտին խանգարող ծառն անպատիժ վերացնել։

Մեկնաբանություն
X