«Ժամանակ». Սեյրան Օհանյանը «Своя игра» է սկսում

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը առաջիկայում հնարավոր է սեփական կուսակցությունը հիմնի։

Այժմ քննարկվում է 2 սցենար՝ Օհանյանը պահպանում է բարեկամական հարաբերություններ Օսկանյանի եւ Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բայց հիմնում է իր սեփական կուսակցությունը՝ ինքը լինելով նախագահ եւ ունենալով իր կողմնակիցները, որոնք, ինչպես վերեւում նշեցինք, այս ընթացքում Օհանյանին հրապարակավ սատարողների շարքերում չեն եղել։ Ամենայն հավանականությամբ, Օհանյանի կողքին կկանգնեն «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչները, որոնցից մի քանիսը խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էին ՕՐՕ դաշինքից։

Երկրորդ տարբերակն էլ այն է, որ ՕՐՕ-ն դառնա կուսակցություն, նախագահն էլ լինի Սեյրան Օհանյանը։ Ինչպես հայտնի է, «Ժառանգության» եւ «Համախմբում» կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը մտորում են ակտիվ քաղաքականությունից դուրս գալու շուրջ՝ իրենց կուսակցությունները գուցե ոչ պաշտոնապես, բայց վստահելով Արմեն Մարտիրոսյանին, մյուսի դեպքում էլ՝ Ստեփան Մարգարյանին կամ Էլինար Վարդանյանին։ Եվ եթե Օհանյանը չհամաձայնի ՕՐՕ-ի նախագահ դառնալ, այն այդպես էլ չի դառնա կուսակցություն, եւ «Ժառանգությունն» ու «Համախմբումը» կշարունակեն առանձին գործունեությունը։ Բայց այն բանին, որ Օհանյանը ղեկավարի ՕՐՕ կուսակցությունը, կտրականապես դեմ են իր թիմակիցները եւ այս օրերին ակտիվ աշխատանք ու քննարկումներ են տանում Օհանյանին համոզելու սեփական, յուրայինների թիմով կուսակցություն ստեղծելու համար։

Ամենայն հավանականությամբ, հետընտրական թոհուբոհից հետո պաշտպանության նախկին նախարարը վերջնական որոշում կկայացնի՝ սկսո՞ւմ է «Своя игра», թե՞ ՕՐՕ-ի մնացորդների վրա հիմնված կուսակցության նախագահ կդառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություն
X