Քաղաքագրություն. Լրագրավաճառներ

(Ռուբեն Զարյանի «Մայրամուտից առաջ» հուշերից)

Այն ժամանակ լրագրավաճառ կրպակներ չկային: Լրագրավաճառություն էին անում մեծ ու փոքր, որոնց աղմուկն առավոտյան դեմ բռնում էր Աբովյան փողոցն ու հրապարակը: Պատանիներ էին, 12-13 տարեկան, տարեց մարդիկ նույնպես:
  • «Խորհրդային Հայաստա՜ն», «Խորհրդային Հայաստա՜ն»…

  • «Ավանգա՜րդ»…

    Մի կույր լրագրավաճառ կար՝ անունը Միհրդատ, տարիքը առած մարդ, նստում էր կուլտուրայի տան ճակատամասի աջ անկյունում, գետնին փռում տանից բերած մի շոր և օրվա լրագրերը վրան շարում: Լրագիր առնող մարդիկ դրամը նետում էին թիթեղյա ամանի մեջ: Ոչ ոք թույլ չէր տա իրեն լրագիր առնել ու անվարձ թողնել կույր լրագրավաճառին: Նույնիսկ անապաստան երեխաները, որ այն օրերին շատ էին, երբեք չի պատահել, որ թիթեղյա ամանից դրամ թռցնեն: Կար մի մարդ միայն, երևի մի երեսուն կամ երեսունհինգ տարեկան, ոչ ոք չգիտեր, թե ով է, ասում էին, թե թիֆլիսեցի է, լավ հագնված կգար, կկռանար, բոլոր թերթերից մի-մի օրինակ կվերցներ և առանց դրամ տալու կգնար:

  • Ընկե՛ր, ընկե՛ր…

    Ձայն կտային շրջապատի մարդիկ, վրդովված, բարկացած, բայց նա անդրդվելի քայլվածքով, կարծես բողոքող ձայներն իրեն չեն ուղղված, կշարունակեր Աբովյանն ի վեր բարձրանալ: Չէր անցնի քառորդ ժամ, կվերադառնար և այժմ տեսնելով լրագրավաճառին գնողների մի նոր անծանոթ շրջապատում, կասեր.

  • Եկա պարտքս մարելու…

    Ու թիթեղյա ամանը կնետեր կոպեկների փոխարեն մի ռուբլիանոց, երբեմն ավելի մեծ գումար, նայած թե գրպանից ինչ թղթադրամ դուրս կբերեր: Տեսնողներ են եղել, որ մի անգամ տասանոց է նետել: Եվ այսպես ամեն օր: Լրագրավաճառները ոչ միայն թերթի անուն էին տալիս, այլ նաև հայտնում, թե նրա էջերում ինչ կարևոր նորություններ կան հանրապետության կյանքից, երկրից, վերջապես՝ աշխարհից:

    Հայտնի էր մի լրագրավաճառ, երևի ամենատարեցն էր, յոթանասունը բոլորած, վանեցի, անունը Վահրամ: Սա էլ իր տեղն ուներ, փոստի մոտերքը: Սա էլ տանից մի գունավոր շոր էր բերում ու վրան շարում օրվա լրագրերն ու հանդեսները: Հետն էլ՝ ծալովի մի աթոռակ, ու վրան նստում: Անցնող-դարձողներին պատմում էր, թե այսօրվա թերթում ինչ լուրեր են տպագրված: Պատմում էր առանց մեկնաբանություններ տալու, այնպես, ինչպես հաղորդել է հեռագրական գործակալությունը: Այնքան հմուտ էր և տեղյակ, որ գիտեր, թե մարդկանց ուշադրություն ինչի վրա հրավիրի: Եթե մի քսան րոպե կանգնած մնային, կիմանային, թե աշխարհում երեկ ու մի երկու օր առաջ ինչ է կատարվել: Բայց երբ հերթը հասնում էր և գրական-բանավիճային հոդվածներին, լեզուն բացվում էր և մի անդավաճան սիրով պաշտպանում էր Չարենցին՝ նրա դեմ սուր ճոճող միջակություններից…

    Ես չգիտեմ, թե որքան ճիշտ է լսածս, բայց ասում էին, որ լրագրավաճառ Վահրամը աշխարհ տեսած մարդ է, եղել է Հռոմում, Փարիզում և Լոնդոնում, որ Վանում տներ և այգիներ է ունեցել, գաղթի ժամանակ կորցրել է կնոջը, երեխաներին, քույրերին ու եղբայրներին և իրենց ողջ գերդաստանից պահպանվել է միայն ինքը:
    Հարցնում էին, թե ինչո՞ւ է լրագրավաճառությամբ զբաղվում, ինչո՞ւ մի ուրիշ ավելի պատվաբեր գործ չի անում, ասում էր՝

  • Սրանից էլ պատվաբեր գործ:

Ավելացնում էր՝

  • Աշխարհն ասես ափիս վրա լինի:

    Իսկ ավելի մտերիմներին գաղտնաբար ասել է, որ որոշել է լրագրավաճառությամբ զբաղվել, որ երբ լույսը հազիվ բացված, տակավին ոչ ոք լրագիրը ձեռքը չի առել, ինքը առաջինը բանա թերթը և շտապ աչքի անցկացնի, տեսնի թե ո՞ր մեծ երկիրն է պատերազմ հայտարարել Թուրքիային… Ու տեսնելով, որ այդպիսի լուր չի հայտնված, հույսը չի կորցրել, համոզված, թե երկնային արդարադատություն կա և անկարելի բան է, որ ամենակարողն անպատիժ թողնի իր ազգի կեսը բնաջնջող անհավատներին ու համբերությամբ սպասում էր աշխարհի արդար դատաստանին: Այս հույսով էր ապրում նա, վանեցի Վահրամը, որ լրագրավաճառությունը գերադաս էր համարել ուրիշ զբաղմունքներից:

Պատրաստեց՝ Արամ Պաչյանը

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X