ՀՅԴ-ի մեղքի բաժինը

Երկրում ստեղծված վիճակի գլխավոր պատասխանատուն, անշուշտ, Հանրապետական կուսակցությունն է, ուստի նրանից է հիմնական պահանջը։ Բայց պետք չէ անտեսել նաեւ կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի պատասխանատվությունը, որն ուզում է օգտվել իշխանության բոլոր «բարիքներից», մասնակցել բոլոր որոշումների կայացմանը, բայց զերծ մնալ պատասխանատվությունից՝ իբր «մենք քիչ ենք, մենք փոքր ենք»։ Իրականում 125-ամյա «ծերուկի» մեղքի չափն ավելի մեծ է, եւ նրանից պահանջն էլ պետք է ավելին լինի, քանզի, եթե «երիտասարդ» ՀՀԿ-ին կարելի է ներել անփորձությունը, իշխանության «բեռին» չդիմանալու գայթակղությունն ու իրենց շարքերը սողոսկած տարբեր պատեհապաշտների շնորհիվ ձեռք բերած մյուս արատները, ապա իրեն քաղաքական հռչակած կուսակցությանը չի կարելի ներել ոչինչ։ Ժամանակին շատերն են հիշում դաշնակցականների բոցաշունչ ճառերն Ազգային ժողովում, իշխանությանն ուղղված քննադատությունը, բողոքի ակցիաները, որոնք իրենց տեղը զիջեցին «ադաբրյամսի» տեսարաններին, երբ կուսակցությունը մի քանի խղճուկ պորտֆել ստացավ։ ՀՅԴ-ի ընթացքին հետեւած քաղաքացիներն այսօր տարակուսում են՝ մի՞թե այդ մի քանի պաշտոնն այդքան կարեւոր էին, որ մի ողջ կուսակցություն հրաժարվեց իր սկզբունքներից, դարձավ անատամ ու հնազանդ։ Դարձավ ՀՀԿ-ի «ժիլետի թեւը», որին իշխող կուսակցությունն արդեն միայն «բարի կամքի» շնորհիվ է պահում իր կողքին։ Մի՞թե նախարարական այդ պորտֆելները կուրացրին իրեն ազգային համարող այս կուսակցությանը՝ ստիպելով չնկատել գործընկերոջ ապօրինությունները, երկրի վայրէջքը, տնտեսության անկումը, հազար ու մի թերություններ, սխալներ։ Եվ մի՞թե այդ 7 մանդատը, որ կասկածելի ընտրությունների արդյունքում ստացել կամ նվիրել են նրանց, ազգային շահից նահանջելու բավարար պատճառ է։

Մեկնաբանություն
X