Մամուլի տեսություն

«Հրապարակ». Հին եւ նոր սերնդի պայքար

Վաղը՝ ապրիլի 21-ին, ժամը 17։00-ին, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում տեղի կունենա Դատավորների միության ընդհանուր ժողովը, որի ժամանակ նախ կներկայացվի 2016-ի հաշվետվությունը, ապա կկայանան նախագահի, փոխնախագահների, խորհրդի եւ վերահսկիչ հանձնաժողովի ընտրություններ: Դատավորների միության նախագահի պաշտոնի համար թեժ մրցակցություն է ծավալվել, ի սկզբանե եղել է 4 թեկնածու, 2 հոգի հանել են թեկնածությունը։ Մեկը վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախկին նախագահ, թոշակի անցած Դավիթ Ավետիսյանն է: Մնացել են 2 թեկնածու՝ արդարադատության նախկին փոխնախարար, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, այդ միության խորհրդի անդամ Արսեն Մկրտչյանը եւ Դատավորների միության 14 տարվա ղեկավար, Արմավիրի մարզի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Նախագահին կընտրեն դատավորները փակ, գաղտնի քվեարկությամբ: Դատական համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դատավորները բաժանվել են 2 խմբի՝ հին սերնդի ներկայացուցիչները պաշտպանում են Հրաչիկ Սարգսյանին, ում հետ երկար տարիներ աշխատում են, հարաբերություններ են հաստատել, իսկ նոր սերունդը ցանկանում է հասնել իշխանափոխության եւ այդ պաշտոնին տեսնում է Արսեն Մկրտչյանին: Նշենք, որ Դատավորների միությունը թեեւ հասարակական կազմակերպություն է, սակայն ակտիվ գործունեություն է ծավալում, օրինակ՝ այստեղ են որոշում լավագույն դատավորներին, յուրայիններին ուղարկում են արտասահման՝ վերապատրաստումների եւ այլն:

Մեկնաբանություն
X