Վարչապետը հանձնարարեց խստացնել աղբը գետնին թափելու վերաբերյալ պատասխանատվության չափը (ֆոտոշարք-2)

>

Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն իր ավանդական հանձնարարաակնները տալիս հատուկ կենտրոնացավ երկու խնդրի՝ ճանապարհների վիճակի և աղբահանության վրա։ Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին դիմելով՝ նա հիշեցրեց, որ իրենք ճանապարհների վիճակի մասին վերջերս քննարկում են ունեցել Մարտիրոսյանի ղեկավարած նախարարությունում, երբ գնացել էր շրջայցի։

«Նշել ենք բազմիցս, որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Հաշվի առնելով նշված խնդիրների կարևորությունը՝ հանձնարարում եմ՝ մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորոգման այլընտրանքային տարբերակները, տալ համապատասխան գնահատական, մշակել առաջնահերթությունների վրա հիմնված 5 տարվա աշխատանքային ծրագիր և կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ»,-Տրանսպորտի նախարարին հանձնարարեց վարչապետը՝ նշելով, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին, վերանորոգմանը և շինարարությանը, կարգապահությանը, ճանապարհային նշաններին։

Վարչապետը այս կոնտեքստում նաև դժգոհեց աշխատողների՝ աշխատանքին պատշաճ ժամին չներկայանալուց։ «Բազմիցս այցերի ժամանակ նկատել եմ՝ 9 անց կես՝ աշխատանքի տեղը մարդ չկա, 5 անց կես՝ աշխատանքի տեղը մարդ չկա։ Համապատասխանաբար՝ Դուք այդ հսկողությունը կազմակերպեք՝ ներգրավելով մեր տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե անհրաժեշտ է»,-հանձնարարեց Կարեն Կարապետյանը։

Կարեն Կարապետյանի երկրորդ հանձնարարականը աղբահանության և սանմաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելուն էր վերաբերում։

Այստեղ նա արդատության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն աղբահանության և սանմաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ և համապարփակ պատասխանատվության նորմեր նախատեսելու հնարավորության վերաբերյալ։

Նաև հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել նախատեսված վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժեշտության՝ քրեական պատասխանատվություն նախատեսելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ։

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին էլ հանձնարարեց․ «Մեկամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում կամ վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելելը»։

Կառավարության նիստի ֆոտոշարքի առաջին մասն ու նիստի մեկնարկը կարող եք դիտել այստեղ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X