ՕՐՕ-ի ձայները Հանրապետականը փախցրել է․ Ամարասի Արթուր

Գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որը խորհրդարանական ընտրություններին աջակացում էր ՕՐՕ դաշինքին, «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում անհնար է քաղաքականությամբ զբաղվել, ժողովուրդն էլ պատրաստ չէ փոփոխության։

-ՕՐՕ-ի ձախողումը կապո՞ւմ եք ժողովրդի պատրաստ չլինելու հետ։

Անշուշտ։ Հիմա ես շոկի մեջ եմ, չեմ կարող ոչինչ խոսել։

-Հավատացա՞ծ էիք, որ ՕՐՕ-ն կանցներ։

Այո, ոչ թե հավատացած եմ, այլ հենց անցել ա, ուղղակի իրեն չեն ֆիքսել։

-Այսինքն, ձայները ի՞նչ են եղել։

Փախցրել են։

-Ո՞վ։

Հանրապետականը։ Ո՞վ պետք ա փախցնի։ Ինքն ա գլխավոր դերում եղել, ինքն ա նկարողն եղել էդ ամեն ինչի։

-Դրա վերաբերյալ փաստեր կա՞ն։

Կարծում եմ, որ ունեն։ Ինձ ասել են, որ ունեն, ես չեմ զբաղվել։

-Տեղյա՞կ եք ինչ-որ բան անելու է դաշինքը։

Ոչ մի բան էլ չենք անելու, անիմաստ ենք համարում։

-Տեղեկություններ կան, որ Սեյրան Օհանյանը ցանկանում է իր կուսակցությունը բացել։

Ես տեղյակ չեմ։

-Եթե նման բան լինի նրա կողքին կկանգնե՞ք։

Ես Սեյրան Օհանյանի կողքին չեմ կանգնի, ես նրա ընկերն եմ, որպես ընկեր կարամ սատարեմ։ Էլ երբեք քաղաքականությամբ ես չեմ զբաղվի։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X