ՕԵԿ-ի ողբերգությունը

Քանի որ արդեն ետեւում են ընտրությունները, եւ ընտրությունների հետ կապված կուսակցություններին խնայելու մեր «մորատորիումը» կարելի է ավարտված համարել, արժե անդրադառնալ ապրիլի 2-ի «մրցույթին» մասնակցող ուժերի վարքուբարքին, անհաջողությունների ու հաջողությունների պատճառներին։ Իր ստեղծման օրից՝ 1998 թվականից մշտապես Ազգային ժողովում ներկայացված «Օրինաց երկիր» կուսակցությանն այս անգամ չփրկեց անգամ նոր «հանդերձանքը»՝ անվանափոխությունը․ «Հայկական վերածնունդ»։ Ճիշտ է, կուսակցության առաջնորդը՝ Արթուր Բաղդասարյանը, որպես ճկուն միտք ունեցող, հմուտ քաղաքական գործիչ հույս ուներ, որ այս անգամ էլ կհաջողվի համոզել ընտրողին՝ ձայն տալ իրենց, սակայն, ինչպես ասում են, պապն ամեն անգամ գաթա չի ուտում։ Ընտրողի համբերությունն էլ սահման ունի, եւ նրա վստահության ռեսուրսն անսպառ չէ։ Որքան էլ ՕԵԿ առաջնորդը փորձի արդարանալ, թե 2008-ին իշխանության կողմն անցնելը արյունահեղությունից, քաղաքացիական պատերազմից խուսափելու նպատակով է արվել, եւ դրա պատճառներից մյուսն էլ տերպետրոսյանական թիմի մերժողական վերաբերմունքն էր իր նկատմամբ, միեւնույն է՝ ընտրողը չի սիրում դավաճաններին, ճամբարափոխներին։ Այնպես, ինչպես մերժեց ճամբարափոխ եղած ԲՀԿ-ականներին, որոնց թվում էր, թե Հանրապետականի թեւի տակ մտնելը դեպի խորհրդարան տանող ամենաուղիղ ճանապարհն է։ Ընդհանրապես, ամեն գնով, միջոցների մեջ խտրություն չդնելով իրենց նպատակներին ձգտող քաղաքական գործիչները հասարակության սիրուն ու հարգանքին երբեք չեն արժանանում։ Հասարակությունը ներողամիտ է, բայց սխալվողների, այլ ոչ թե սրիկաների հանդեպ։ Հասարակությունը նաեւ պատրաստ է նորից ու նորից շանս տալ, բայց իրեն հիմարացնողներին կարող է զրկել անգամ մեն մի հատիկ շանսից։

Մեկնաբանություն
X