Մամուլի տեսություն

«Ժողովուրդ.. Նոյեմբերյանում շուկա չկա

«Ժողովուրդը» գրում է. «Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում արդյունաբերական ձեռնարկություններ չկան: Խորհրդային տարիներին Նոյեմբերյանում գործող, դրոսելներ արտադրող գործարանը վաղուց է դադարեցրել իր գործունությունը: Նոյեմբերյանի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Սակայն գյուղատնտեսական փոքր քաղաքում գյուղատնտեսական շուկա չկա: Նոյեմբերյանցիներն իրենց աճեցրած մրգերն ու բանջարեղենը ստիպված են հանձնել քաղաքի սննդի խանութների տերերին, ովքեր իրենց հերթին գին են ավելացնում գյուղմթերքների գներին: Գարուն է, վաճառքում հայտնվել են բնության բարիքներ: Ամեն օր Նոյեմբերյանի քաղաքային ավտոկայարանի հարակից աստիճանահարթակին, միջպետական ավտոճանապարհի եզրին, հավաքվում են Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի բնակիչներ, ովքեր վաճառում են իրենց քաղած բանջարը, սինդրիկը, ծնեբեկը, անտառում հավաքած սունկը: Այդ աստիճանահարթակը շատ փոքր է, հազիվ մի քանի քառակուսի մետր տարածք ունի, առեւտուր անողները դժվարությամբ են տեղավորվում այնտեղ: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհով աշխույժ երթեւեկ է կատարվում, անցնող մեքենաներից արտանետումները, ճանապարհից բարձրացող փոշին նստում են այդ մինի շուկայում վաճառվող անտառի բարիքների վրա: Սահմանամերձ քաղաքում հրատապ խնդիր է գյուղատնտեսական մթերքների շուկայի գործարկումը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X