Կարեն Կարապետյանի պատմած անեկդոտը

Վարչապետը հումորով մարդ է։

Երբ մարդուն նշանակում են լուրջ պաշտոնի, ձեռ ու ոտը «կապվում է», էլ չի կարողանում առաջվա կյանքով ապրել։ Ինքս ականատես եմ եղել, երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, երբ եկել էր հայրենի քաղաք, հորեղբայրը առանց աջ ու ձախ նայելու, մոտեցել ու նրան գիրկն էր առել։ Թիկնապահներն անմիջապես շրջապատել․․․ ու լինելու էր վատթարը, եթե պաշտոնյան չասեր՝ հորեղբայրս է․․․

Հետո, երբ հորեղբորից հետաքրքրվեցի, թե ինչ են զրուցել, ասաց․

-Խնդրեցի, որ առաջվա նման գա մեր տուն, «Թիքա անենք»։ Խեղճի աչքերը լցվեցին, ասաց՝ է՜, հորեղբայր, ես կալանավորի նման մի բան եմ հիմա․․․

Նորից անդրադառնամ Կարեն Կարապետյանին։ Արմավիրում քարոզարշավի ժամանակ վարչապետը մի անեկդոտ է պատմել։ Չգիտեմ՝ ով ինչպես է հասկացել, բայց ես դրա մեջ խորը իմաստ եմ տեսնում։

Պաշտոնը գինու նման մի բան է, երբ մի քիչ շատ ես օգտագործում, «գինին գլխիդ է խփում»։ Դա կոչվում է գինու չարաշահում կամ պաշտոնի չարաշահում։ Ժողովուրդն էլ ոչ մի պաշտոնյայի չի հավատում, որովհետև նրանք «գինին չարաշահել են» ու պաշտոնյային միայն մի բան է մնում։

Ու ահա հենց այդ մասին է Կարեն Կարապետյանի պատմած անեկդոտը․

«Գինովցած տղամարդը հերթական անգամ ուշ վերադառնում է տուն, կինը դիմավորելիս ասում է՝ հիմա ի՞նչ ես ասելու, ասում է՝ դու խելոք ես, մի բան ասա»։

ՀԳ Հումորը պաշտոնյայի համար ինքնարտահայտման յուրահատուկ ձև է, երբ այլ ձևով չի կարողանում մտքինն ասել։ Որովհետև, ինչպես սկզբում էի ասել՝ երբ մարդուն նշանակում են լուրջ պաշտոնի, ձեռ ու ոտը «կապվում է։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X