Տոնավաճառների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում (ֆոտոշարք)

>

«Սուրմալու» եւ «Առինջ մոլ» տոնավաճառների աշխատակիցներն այժմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են, որպեսզի հարկայինի աշխատակիցներն իրենց չանհանգստացնեն։ «Վարչապետ, վարչապետ» գոռալով աշխատակիցները երթ են իրականացնում եւ պահանջում հանդիպում Կարեն Կարապետյանի հետ։ Ընդ որում՝ բողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն տոնավաճառի աշխատակիցները, այլ տնօրենները։

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը այսօր գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հարկային մարմինների ուշադրությունը սեւեռել է «Փեթակ», «Սուրմալու», «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնների վրա: «Հարկայինի աշխատակիցները գնում են այս առեւտրի կենտրոններ եւ տեղի-անտեղի անհանգստացնում աշխատողներին, սպառնում, թե կտուգանեն: Այս ամենի պատճառն այն է, որ վարչապետը փորձում է հիշյալ առեւտրի կենտրոնների աշխատակիցներին բերել իր եւ Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցվող նոր առեւտրի կենտրոն, որը գործելու է «Փեթակ» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ՝ նախկին հաստոցաշինական գործարանի տարածքում»,-գրել էր թերթը։

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում էր տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է․ «Կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն և բխում են այն տրամաբանությունից, որի մասին նախապես կոմիտեն հայտարարել էր՝ քննարկելով նաև հասարական կառույցների հետ: Միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ, այլ նպատակաուղղված են տոնավաճառների կազմակերպիչների գործունեության կանոնակարգմանը:

Հստակ նկատելի է, որ առաջացած բողոքն ուղղորդված է: Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ: ՊԵԿ-ը դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ շարունակելով նախազգուշացնել հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու վերաբերյալ: Իրականացվելու է հասցեական հսկողություն՝ բոլորի համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով: Միաժամանակ օրինապահ հարկ վճարողները կարող են վստահ լինել, որ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու իրենց գործունեությանը»:

Մեկնաբանություն
X