Դրսում էլ փակցրեցինք «ՀՀԿ իրավունքների պաշտպան» գրությունը, ոստիկանը եկավ, թուղթը շպրտեց․ քաղաքացիական ակտիվիստ

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նա ներկայացրել է իր տարեկան զեկույցը, մի քանի քաղաքացիական ակտիվիստներ, մտնելով սրահ, իրականացրել են ակցիա։ Նրանք գրություններ են փակցրել Արման Թաթոյանի սեղանին։ Գրություններում նշված է եղել՝ ՀՀԿ իրավունքների պաշտպան, պատկերված են եղել անցյալ տարի, հուլիսին, «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ աչքը կորցրած երիտասարդը, պետական տեռորի կազմակերպիչ Լեւոն Երանոսյանը։ Ակցիային Արման Թաթոյանը ոչ մի կերպ չի արձագանքել։ Ավելի ուշ ՄԻՊ-ի աշխատակիցները եկել, պոկել են այդ գրությունները։

Քաղաքացիական ակտիվիստ Կարպիս Փաշոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ ակցիան կապված է եղել նրա զեկույցում տեղ գտած գնահատականների հետ, որոնցում նա անցյալ տարի, հուլիսին, Սարի թաղում տեղի ունեցած երթը համարել է ոչ խաղաղ։
«Դրսում, «Մարդու իրավունքների պաշտպան» ցուցանակի տակ էլ փակցրեցինք այդ գրությունները, ոստիկանը եկավ, թուղթը շպրտեց»,- ասաց քաղաքացիական ակտիվիստը։

Հետաքրքրվեցինք, թե այդ ակցիայով նպատակ ունեին ակտիվիստները զգաստացնե՞լ ՄԻՊ-ին։ «Զգաստացնելու խնդիր չկա, որովհետեւ հույս չունենք, որ այդ մարդը կպաշտպանի մարդու իրավունքները։ Նա առաջին քննությունը ձախողեց եւ ցույց տվեց, որ ինչպես նախկինում է եղել չինովնիկ, այնպես էլ այդ նույն չինովնիկի սահմանափակ մտածողությամբ նշանակվել է Մարդու իրավունքների պաշտպան։ Նա պաշտպանում է ՀՀԿ-ի իրավունքները եւ զրոյի հավասարեցրեց ՄԻՊ-ի ինստիտուտի նշանակությունը»,- ասաց մեր զրուցակիցը։

Նկատեցինք, թե արդյոք Մարդու իրավունքների նախկին պաշտպաններն ավելի լավ էին աշխատում։ «Համեմատաբար ավելի լավ էին աշխատում։ Օրինակ, հիշեք, թե ինչպես իրեն պահեց ՄԻՊ Արմեն Հարությունյանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, ինչ-որ աշխատանք կատարում էր նաեւ Կարեն Անդրեասյանը։ Չեմ կարող նախկին պաշտպանների աշխատանքը շատ բարձր գնահատել, բայց համեմատաբար ինչ-որ նշույլներ կային նրանց աշխատանքում»,- ասաց Կարպիս Փաշոյանը։

Մեկնաբանություն
X