Մանախին կբերեն դատարան

Երեկ վերաքննիչ քրեական դատարանը լսում էր Արթուր Այվազյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ Այվազյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ։ Արթուր Այվազյանին չէին բերել նիստի, Ալումյանը միջնորդեց բողոքը քննել իր պաշտպանյալի ներկայությամբ։ Դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց միջնորդությունը եւ հետաձգեց նիստը։ Արթուր Այվազյանը սպանության համար 14 տարի ազատազրկում կրելուց եւ ազատվելուց մի քանի ամիս անց կրկին կալանավայրում է՝ «Նուբարաշենի» բերդում։ Այս անգամ նա մեղադրվում է խուլիգանության եւ ապօրինի զենք կրելու մեջ։ Մարտի 31-ի գիշերը «Ելք» դաշինքի կողմնակիցներն ու Արթուր Այվազյանը բախում էին ունեցել, «Ելքի» անդամները Մանախի ձեռքից զենք էին վերցրել եւ հանձնել ոստիկանություն։

Արթուր Այվազյանն իր փաստաբանի միջոցով հաղորդել է, որ զենքն իրենը չէ, այլ «Ելքի» տղաների ձեռքից է խլել, իսկ բախումն իր եւ «Ելքի» ակտիվիստների միջեւ առաջացել է այն պատճառով, որ նրանք գետնին, ցեխերի մեջ էին նետել եռագույնը, որն իբր ինքը բարձրացրել էր գետնից ու դրել այլ տեղ։ Այվազյանն իր մորաքրոջ՝ Նարինե Շահբազյանի միջոցով փոխանցեց, որ 12 օր հացադուլ է արել՝ այսկերպ արտահայտելով իր բողոքը քննչական գործողությունների դեմ, դիմել է ՄԻՊ գրասենյակ։ «Նա շատ արյուն էր կորցրել ու վատառողջ է,- ասում է Նարինեն,- ինքնազգացողությունը վատ է, թեւն է վնասված, անգամ պաշտպանի դիմումը չի կարողացել իր ձեռքով գրել»։ Նա բացատրում է, որ Արթուրն այդ օրը իր ընկերների հետ զոհված ազատամարտիկի տարեդարձից է վերադառնալիս եղել, մի քիչ տաքացած է եղել, հայրենասիրական զրույցներից հետո տեսել է եռագույնը գետնին գցած։ «Նրա խելագար հայրենասիրության աստիճանին ծանոթ լինելով՝ ես չզարմացա։ Արթուր Այվազյանն անձամբ է ներկայացել ոստիկանություն, հայտարարություն է տվել, որ իր վրա զինված հարձակում է եղել, ու հետո դարձել է կասկածյալ»,- ասում է Մանախի մորաքույրը։

Մեկնաբանություն
X