Տականք լինելու հետևանքը

Որքան երկարում է գործող իշխանությունների պաշտոնավարման ժամկետը՝ ի դեմս ՀՀԿ-ի, այնքան ավելի առարկայական է դառնում ՀՀԿ-ի գաղափարական հոր՝ Նժդեհի հայտնի «ազգային ախտորոշումը»: Որ՝ այո, ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի (տականք՝ hասարակության ստորին խավեր, քայքայված՝ այլասերված տարրեր, այլասերված՝ բարոյազուրկ՝ ամեն կարգի վատ գործերի խառնված կամ ընդունակ մարդ):

Հայի տականքն այդքան վտանգավոր չէր լինի, եթե, հակառակ բնության օրենքներին, այդքան ջերմեռանդորեն չձգտեր հայտնվել այնտեղ, որն իրենը չէ, չփորձեր դառնալ այն, ինչն իր ուժերից վեր է: Վտանգավոր է, երբ տականքին հաջողվում է հաղթել բնության օրենքներին, կոտրել կարծրատիպերն ու հայտնվել մի տեղում, որտեղ պիտի սերուցքը լիներ: Ասել կուզի՝ տականքի «սերուցք» դառնալն է վտանագավոր, իրեն այդ կարգավիճակում հրամցնելն է վտանգավոր, սկզբունք, որով ձեւավորվում է գործող իշխանական հիերարխիան: Տականք ունենալը խարան է, որից սրտացավ ու նախանձախնդիր ազգերը ձերբազատվում են՝ տականք տեսակը ճնշելով, այդպիսին դառնալու համար նպաստավոր պայմանները վերացնելով, օջախը քանդելով, քարկոծելով ու լիկվիդացնելով: Մինչդեռ ցողունային բջիջների հարգն իմացող, այն իրենց մաշկի վրա զգացող իշխանական վերնախավն այս ընթացքում զբաղվում է ցեղակիցների մեջ նիրհող տականքը ռեանիմացնելով, գրգռել-բորբոքելով, տականքին «թայ» դառնալով ու մոտիվացնելով, հետը համագործակցելով: Ազգի տականքն արդեն հազվադեպ հանդիպող տեսակ չէ՝ որպես չնչին բացառություն, գնալով դրսեւորման նոր եղանակներ է գտնում, նոր մակարդակներ նվաճում՝ դառնալով բարոյական կոդեքսի այլընտրանքը (ուստի դեղագիտական հաստատություններն այլեւս պետք է խորհեն հակատականքային պատվաստանյութ ստեղծելու անհրաժեշտության մասին: Այլապես համաճարակն անխուսափելի է): Ճակատագրի հեգնանքով մեր մեջ նիրհող տականքն արթնանում է ճակատագրական պահերին, մասնավորապես՝ երբ ընտրության միջոցով տականքին՝ իր, սերուցքին իր տեղը դնելու հերթն է հասնում: Արթնանում է՝ ի դեմս զոռով պատգամավոր դառնալ ցանկացողների, այդ նպատակի համար կաշառք բաժանողների, այդ նպատակով տրված կաշառքը վերցնողների, կաշառքը վերցրած, բայց ոչ կաշառատուի օգտին քվեարկածների: Այդ տականքը բոցկլտում է ի դեմս ՀՀԿ-ի համար ձայներ հավաքող ուսուցիչների, ՍԱՍ-ի արտակների ու նրա նմանների, նրանց գործիք դարձնողների, ապաեւ՝ փուռը տվողների մեջ: Ազգի տականքն այսօր անձեռնմխելի է ու խրախուսվում է՝ ծպտվելով զինվորականի շինելի մեջ, դատավորի մուրճի տակ, գործադիրում եւ օրենսդիրում, սահմանին, օդում, ջրում ու հողում: Ի դեմս ընտրակաշառք վերցնողների՝ ազգի տականքն այսօր, ցավոք, պաշտպանության է արժանանում ոմանց կողմից եւ, որպես ալիբի, վկայակոչում է հանուն կաշառքի քվեարկածների սոցիալական ծանր վիճակը:

Թեման չի շրջանցում նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ետընտրական հայտարարության մեջ՝ նշելով. «…ընտրակաշառք վերցնելու այլանդակ երեւույթի դրսեւորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին։ Մեղադրելու, անարգելու եւ կշտամբելու փոխարեն ժողովրդին, ընդհակառակը, իշխանությունների կողմից նրա արժանապատվությանը հասցված աններելի հարվածի համար, պետք է միայն կարեկցել՝ հուսալով, որ մի երջանիկ օր այդ արժանապատվությունը կվերականգնվի»։ Երբ արդարացվում է ընտրակաշառք վերցնելը, իբրեւ ապրելու ստորացուցիչ պայմաններից դրդված քայլ, դա ընտրական իրավունքը զրոյականացնելու եւ տականք լինելն արդարացնելու, խրախուսելու վտանգավոր փորձ է: Այդ նույն տրամաբանությամբ պետք է արդարացնել մյուս հանցանք-զանցանքները՝ գողությունը, սպանությունը, պոռնկությունը, պետական դավաճանությունը… Ի վերջո՝ բոլոր այդ արարքների դրդիչն իշխանությունների ձեռամբ ստեղծված ստորացուցիչ իրավիճակն է, իսկ այդ արարքների մոտիվացիան ոմանց չարդարացած հույսերն են, չբավարարված կրքերը, չիրականացած երազանքները: Ինչո՞ւ այդ դեպքում չկարեկցել եւ պաշտպանության տակ չառնել նաեւ թալանչիներին ու պետական դավաճաններին: Ընտրակաշառք վերցնողներն ու ընտրական մյուս զեղծարարությունների մեջ թաթախվողներն ավելի ծանր հանցագործներ են, քանի որ նրանց արարքում առկա է հայտնի բոլոր հանցանք-զանցանքների հանցակազմը: Ուստի նրանց դեպքում կիրառելի չէ «մեղմացուցիչ դեպք հանցանաց»-ը՝ սոցիալական վիճակը: Նրանք է, որ հերթական անգամ արժանապատիվ ապրելու իրենց իրավունքն անարգելով՝ անարգում են նաեւ նրանց իրավունքը, ովքեր քաջություն են ունեցել հաղթահարել իրենց նետված մարտահրավերը՝ տականք լինելու գայթակղությունը, ու մնացել են քաղաքացի: Նրանք է, որ առնվազն 5 տարով սպանում են իրենց ու այլոց պարզ, մարդկային երազանքների իրականացման հույսը եւ ստիպում դրանց հասնելու համար դիտարկել նաեւ զարտուղի ճանապարհները, այդ թվում եւ տականք դառնալը:

Ընտրակաշառք վերցրածներն ու գործող վարչախմբի պաշտոնավարումը երկարաձգածները, ի վերջո, իրենց այդ արարքով նպաստում են երկրում հանցավորության աստիճանի բարձրացմանը, հետեւապես՝ նրանց արդարացման ամեն մի փորձ հավասարազոր է նրանց հանցակցելուն: Եթե ազգը, ժողովուրդն այդքան չխորշեր իշխանության տերը լինելու Սահմանադրությամբ իրեն վերապահված պատասխանատվությունից եւ չբոյկոտեր իր իրավունքների իրացումը, չէր հայտնվի այն իրավիճակում, ինչի համար նրան այդքան գթասրտորեն կարեկցում է պարոն նախագահը: Հետեւապես՝ ժողովրդի այս ստորացուցիչ վիճակի համար, բացի ժողովրդից, ոչ ոք մեղավոր չէ: Ժողովրդի նսեմացված արժանապատվությունը, բացի ժողովրդից, ոչ մի ատյան՝ տեղական կամ միջազգային, վերականգնել ի վիճակի չէ: Իսկ դա տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ չի հաղթահարվել ընտրելու իրավունքի հանդեպ պրոպագանդվող արհամարհանքը, քաղաքացիական գիտակցությունը չի հաղթել մի փոր հացը մի հոր հացի հետ փոխելու կարճատեսությանը: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ազգը գերի է լինելու ՍԱՍ-ի արտակներին, կարոտ՝ առաջին նախագահի կարեկցանքին եւ նրա մատնանշած «երջանիկ օրվա» գալուստին: Իսկ ազգի տականքը շարունակելու է դոմինանտ լինել, հնազանդեցնել, հետեւապես եւ իշխել՝ սպառնալով ազգային անվտանգությանը:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X