Առեւտրականները երեքշաբթի օրը կրկին կհավաքվեն կառավարության դիմաց՝շարունակելու իրենց բողոքի ցույցը

Առավոտից խոշոր առեւտրային կենտրոնների աշխատակիցները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց, չկարողանալով հանդիպել վարչապետի հետ, հանդիպում ունեցան նրա խորհրդականի հետ։

Տոնավաճառների աշխատակիցների խոսքերով՝ արդեն երեք օր է՝ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տոնավաճառներում՝ պահանջելով փաստաթղթեր ներկայացնել և հաճախորդներին տրամադրել հսկիչ դրամարկղային կտրոններ:

«Առայժմ ոչ մեկս չենք տուգանվելու, բայց պիտի կազմենք մի խումբ, որ մեր առաջարկներով գանք իրենց մոտ։ Նենց ստացվավ, որ բոլորս «Առինջ մոլ»-ից բարձրացանք էնտեղ, շուկաները միանանք, կազմակերպիչ ընտրենք։ 15 օր ժամանակ ա, խումբ կազմենք, որը կգրի մեր պահանջները, կուղարկենք։ Վարչապետը կստորագրի, չի ստորագրի, իրանք էլ չեն կարա ասեն, բայց հստակ մեր բողոքները պետք ա ներկայացնենք։ Ասում են՝ ձեզ չեն նեղացնելու, բայց ստուգումները լինելու են։ Ասել ա՝ եթե տուգանեն, կզանգեն։ Իրանք ասում են՝ տանում ենք նրան, որ միջինը խոշորանա»,- այս մասին դրսում առեւտրականներին հայտնեց բանագնացներից մեկը։

Նրանցից ամենաակտիվը, որը եւ համակարգել էր բողոքի ակցիան, եւս առաջարկեց 20 հոգուց խումբ կազմել, ներկայացնել իրենց պահանջները կառավարությանը։ Նա հարց ուղղեց հավաքվածներին՝ ի՞նչ են ուզում, ներկաներն էլ պատասխանեցին՝ իրենց հանգիստ թողնեն․ «Ասում են, որ ոչ մեկին չեն տուգանելու, պարզապես էդ մարդիկ իրանց գործն են անում։ Իրանք ուղղակիորեն մոնիթորինգ են անում, հիմա իմ առաջարկն ա, էլի մենք մնանք մեր կարծիքին, 15-20 հոգու հետ հանձնախումբ կստեղծենք, մի հատ կհասկանանք մաքսազերծումից մինչեւ հարկ վճարելը ի՞նչ անենք, որ մեր վիճակը լավանա։ Թող իրանք չկարծեն, որ ուզում ենք խուսափենք հարկեր վճարելուց»։

Նա հարց ուղղեց ներկաներին՝ համաձա՞յն են վաղը տեսուչների հսկողությամբ աշխատել, բայց չտուգանվել, սակայն առեւտրականները չհամաձայնեցին։ Պայմանավորվեցին Երեքշաբթի օրվանից բողոքի ակցիաները կշարունակեկ կառավարության առջև:

Մեկնաբանություն
X